Խավյեր Բարդեմը հայտնվել է Մարոկկոյի և Ֆրանսիայի միջև կոնֆլիկտի կենտրոնում
Մարոկկոն վրդովմունք է հայտնել Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի դերասան Խավյեր Բարդեմի արած հայտարարությունների առնչությամբ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Բարդեմը փետրվարի 18-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում Մարոկկոն որակել է որպես «Ֆրանսիայի սիրուհի, ում հետ քնում ես, բայց չես սիրում»՝ ցիտելով իբր ՄԱԿ-ում ֆրանսիացի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոյին:
Ավելի ուշ ֆրանսիացի իրավապաշտպանները հայց են ներկայացրել Մարոկկոյի հակահետախուզության ղեկավար Աբդելատիֆ Համուշի դեմ՝ մեղադրելով նրան բանտերում գտնվող Արևմտյան Սահարայի անկախության աջակիցների նկատմամբ խոշտանգումների և բռնությունների համար։ Փետրվարի 20-ին ֆրանսիացի ոստիկաններն, ընդ որում, եկել են Փարիզում Մարոկկոյի դեսպանատուն՝ ցուցմունքների համար: Մամուլում Բարդեմի խոսքերի հրապարակումն այդ օրը նպաստել է երկու պետությունների միջև դժգոհությունների մեծացմանը:
Երեքշաբթի օրը հարյուրավոր երիտասարդ մարոկկացիներ Ֆրանսիայի դեսպանատան առաջ ցույց են արել:
Երեկ հայտնի է դարձել, որ Մարոկկոյի արդարադատության նախարարությունը դադարեցնում է Ֆրանսիայի հետ բոլոր դատական համաձայնագրերը:










