Բա ո՞ւր էիք 6 տարի, չի կարելի սուր գործիքով անընդհատ փորփրել վերքը. Հ. Բիշարյանը՝ մարտիմեկյան հանձնաժողովի մասին
Չի կարելի սուր գործիքն առած՝ անընդհատ փորփրել վերքը: Այս մասին այսօր մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրեսի» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության անունից եզրափակիչ ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին ԱԺ-ում գործել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, Փաստահավաք խումբ:
«Միշտ չէ, որ քաղաքական էժանագին դիվիդենտների համար կարելի է ... էսպես ասես շուտասելուկ լինի, որ ես արագ, առաջինն ասացի ու դիմացինի հանեցի սխալ: Էս սկզբունքը տեսել ենք… գիտենք՝ ինչի մասին է խոսքը: Մասնակցեի՛ք, հորդորեիք, պարտադրեիք, հետևեիք լինեիք մեր այդ հանձնաժողովում»,-Հեղինե Բիշարյանը կրկնեց Սամվել Նիկոյանի միտքը, որ «Հայ ազգային կոնգրեսը» ժամանակին բոյկոտում էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստերը:
Հեղինե Բիշարյանը չբավարարվեց և մեջբերեց թևավոր խոսքը, որ «Երկաթը տաք-տաք են ծեծում» ու ավելացրեց. «Անցել է վեց տարի, բա ո՞ւր էիք»:
ՕԵԿ խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ցավ է ապրում, որովհետև զոհվածների մեծամասնությունն այն համայնքից էին, որտեղ ինքն ապրում է։
«Մարդիկ անմեղ, խաղաղ, աշխատանքի վայրից մեկ ժամվա ընթացքում արագ տեղափոխվել էին դիտակետ և դարձան զոհեր: Նախ, այդպիսի դաշտ մտնելու և զոհվելու համար քաղաքական հասունություն է պետք, քաղաքական լուրջ ճանապարհ է պետք, պետք է հասունանալ, թե ինչո՞ւ ենք այդ դիտակետում, ինչի՞ գնով և ինչո՞ւ ենք ուզում»,-ասաց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը ու հայտարարեց, որ ոչ ոք զոհվածների հետ նման բացատրական աշխատանքներ չի տարել, բացի նրանց մահակներով զինելուց;
Ի դեպ, «մահակներ» բառն արտաբերելուց առաջ Հեղինե Բիշարյանը ներողություն խնդրեց. «ներողություն, մահակներով»:
Նրա ամփոփմամբ, եթե սկսել նոր քննություն, ապա սկսել հարցից, թե ինչո՞ւ են այդ մարդիկ հայտնվել այնտեղ, որտեղ սպանվել էին և նաև արդյոք գիտեի՞ն՝ ինչու են եկել։
Այժմ Հեղինե Բիշարյանը հանգիստ է, որովհետև զոհվածների ծնողները, ըստ նրա, անիծում են նրանց, ում պետք է անիծել։
Իսկ որպես օրենսդիր, հիմա նա մեկ գործառույթ է պատկերացնում՝ պարտադրել, խնդրել Կառավարությանը՝ փոխհատուցում տալ մարտիկյան զոհերի հարազատներին:










