Վենեսուելայում ցուցարարները «գլխատել» են Ուգո Չավեսի արձանը
Վենեսուելայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով տուժել է երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի արձանը, որը զրկվել է գլխից։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, միջադեպը տեղի է ունեցել Տաչիրա նահանգի Սան Անտոնիո քաղաքում, որտեղ իրավապահներին չի հաջողվել փրկել արձանը վանդալիզմից։ Ցուցարարները հասել են հրապարակներից մեկում տեղադրված արձանին՝ չնայած որ տեղանքում մեծ թվով իրավապահներ են եղել։
Ներկայում Տաչիրայում տեղակայված է մեծաթիվ զորակազմ, փակ են ճանապարհները, և, ըստ ԶԼՄ-ների տեղեկության՝ Սան Անտոնիոյում ոչ լույս կա, ոչ էլ համացանց։
Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ակցիաները սկսվել են ընթացիկ տարվա փետրվարի սկզբից, ինչի հետևանքով զոհվել է 50 մարդ։ Իրավիճակն այնքան է սրվել, որ մի շարք ընդդիմադիր ղեկավարներ կոչ են արել իրենց աջակիցներին հրաժարվել բողոքի ցույցերից։
Հաղորդվում է, որ ցուցարարները բարիկադներ են կանգնեցնում փողոցներում՝ թույլ չտալով մեքենաներին, այդ թվում նաև շտապօգնության, անցնել ճանապարհը։










