Տուրչինովը հրամայել է ազատել Ղրիմի կառավարության և խորհրդարանի գրավված շենքերը (տարբերակ 5)
12.50 Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հանձնարարել է ուժային կառույցներին ապահովել Ղրիմի կառավարության և խորհրդարանի գրավված շենքերի ազատումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Նավիգատոր»-ին:
12.23 Ղրիմի կառավարության և խորհրդարանի շենքերը գրաված խմբի ներկայացուցիչների և Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլևի միջև բանակցություններն ավարտվել են, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության մամուլի ծառայությանը:
«Հանդիպմանը գրաված կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ լիազորված չեն բանակցություններ անցկացնել և պահանջներ ներկայացնել: Անատոլի Մոգիլևը նրանց թողել է իր կոնտակտային հեռախոսահամարները՝ հետագա կապի և իրավիճակի կարգավորման համար»,- ասված է հաղորդագրությունում:
Բանակցությունները տեղի էին ունենում կառավարության գրաված շենքում:
11.30 Ղրիմի խորհրդարանի և Նախարարների խորհրդի շենքերը գրավել են «Ղրիմի ռուսախոս բնակչության ինքնապաշտպանության ներկայացուցիչները», հայտնում է lenta.ru-ն։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը գրառում է արել Facebook-ի իր էջում, որի համաձայն ոտքի են հանվել Ուկրաինայի ոստիկանությունն ու զինված ուժերը: Ավակովը նկատել է, որ սթափ գլխով գործելու ժամանակն է և որ իրենք փորձելու են խուսափել այս իրավիճակում քաղաքացիական անձանց վտանգելուց:
10.55 Ղրիմի խորհրդարանի և Նախարարների խորհրդի շենքերը գրաված անձինք խորհրդարանի շենքի վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով սևաստոպոլյան «Նավիգատոր» կայքին, որը վկայակոչում է Ղրիմի ներքին գործերի նախարարությունում աղբյուրին:
Այդ տեղեկությունը հաստատում են նաև Ղրիմի թաթարների համայնքում:
ՆԳՆ աղբյուրի տվյալների համաձայն՝ գիշերը տեղի ժամանակով մոտ 4:00-ին խորհրդարանի շենք է մտել զինված մարդկանց խումբը՝ մոտ 30 մարդ սև համազգեստով, դիմակներով և Կալաշնիկովի ինքնաձիգներով: Պահակներին խնդրել են լքել Գերագույն խորհրդի (խորհրդարանի) շենքը և հանձնել զենքը:
Այժմ Սիմֆերոպոլի ոստիկանության մոտ տագնապ է հայտարարված: Ուժայինները շղթայում են խորհրդարանի շենքը:
09.45 Ղրիմում զինված անձինք գրավել են տարածաշրջանային կառավարման մարմնի շենքն ու խորհրդարանը, հայտնում է France 24-ը` վկայակոչելով տեղական թերթի հայտարարությունը:
Russia Today-ը նույն առիթով հայտնում է, որ գիշերը Ղրիմի գերագույն ռադայի և Նախարարների խորհրդի շենքերը գրավել են անհայտ անձինք: Աղբյուրը վկայակոչում է Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովի գրառումը Facebook-ում:
Ըստ այդմ` այդ անձինք զինվորական համազգեստով են, դիմակավորված, զինված, նրանց պահանջներն առայժմ անհայտ են:
Երեկ Սևաստոպոլում, որտեղ գործում է Ղրիմի խորհրդարանը, 20.000 մարդ փողոց էր դուրս եկել: Ռուսամետ և ուկրաինամետ ուժերի բախումների հետևանքով, ըստ լրատվամիջոցների, մահացել է 2 մարդ:










