Ղրիմի խորհրդարանի շենքը գրաված անձինք դրա վրա Ռուսաստանի դրոշն են տեղադրել
Ղրիմի խորհրդարանի և Նախարարների խորհրդի շենքերը գրաված անձինք խորհրդարանի շենքի վրա տեղադրել են Ռուսաստանի դրոշը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով սևաստոպոլյան «Նավիգատոր» կայքին, որը վկայակոչում է Ղրիմի ներքին գործերի նախարարությունում աղբյուրին:
Այդ տեղեկությունը հաստատում են նաև Ղրիմի թաթարների համայնքում:
ՆԳՆ աղբյուրի տվյալների համաձայն՝ գիշերը տեղի ժամանակով մոտ 4:00-ին խորհրդարանի շենք է մտել զինված անձանց խումբը՝ մոտ 30 մարդ։ Նրանք սև համազգեստով են, դիմակներով և Կալաշնիկովի ինքնաձիգներով: Պահակներին խնդրել են լքել Գերագույն խորհրդի (խորհրդարանի) շենքը և հանձնել զենքը:
Այժմ Սիմֆերոպոլի ոստիկանության շրջանում տագնապ է հայտարարված: Ուժայինները շղթայում են խորհրդարանի շենքը:
Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավար Ռեֆատ Չուբարովը հայտնել է, որ շենքը գրաված մարդկանց թիվը 30-35 է:










