Ովքեր մտածում են՝ Հայաստանում Մայդան կլինի, թող դա իրենց հոր բոստաններում լինի. Գ. Սահակյանը ընդդիմադիրներին կոչ արեց չոգևորվել

16:53 • 27.02.14

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ ելույթների ժամին այսօր կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին չոգևորվել այլ երկրներում տեղի ունեցածով: «Հանրապետականը չէ այս ազգի տերը: Այն մարդիկ, ովքեր մտածում են՝ Մայդան կլինի Հայաստանում, թող այդ Մայդանը իրենց հոր «բոստաններում» լինի»,-ասաց նա:

 

Վերջինս նաև կոչ արեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներին իրենց պահվածքով չվարկաբեկել երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Մի ժամանակ ոգևորվել էիք արաբական հեղափոխությամբ, հիմա էլ՝ Մայդանով: Ուկրաինացիները փաստորեն ամբողջապես վերացրին իրենց պետությունը, որի համար շատ ցավում ենք, և հիմա ամբողջ աշխարհը փորձում է օգնել, որ երկիրը ոտքի կանգնի, իսկ մեր դառը վիճակում ոչ մեկ մեր ձեռքը չսեղմեց , բայց մենք դարձանք պետություն»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով հանձնաժողով ստեղծելու հարցին, Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը բավականին լավ է համարում նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանի ելույթը և նախագիծը ներկայացնելը, որովհետև վերջինս բացատրեց, թե ինչ է ուզում, բայց քաղաքական որոշում կայացնողներից երբեք դա չի զգացել: «Ձեր ելույթներում արդեն հանձնաժողովի եզրակացության փաստաթուղթը ներկայացրեցիք, այսինքն՝ հանցագործը մենք ենք, դուք էլ պիտի գաք և մեզ հետ քննարկեք: Ձեր ելույթները պրովոկացիաներ են»,-ասաց նա՝ խոսքն ուղղելով ՀԱԿ-ականներին և հարցրեց. «Ի՞նչ իմացաք, որ մենք դեմ ենք լինելու»:

 

Խմբակցության ղեկավարը նաև կոչ արեց ընդդիմադիրներին չսեփականեցել ժողովրդին. «Դա նաև մեր ժողովուրդն է, մի սեփականաշնորհեք, մենք ցավում ենք այս ժողովրդի համար, մենք էլ ենք ուզում, որ բացահայտվի «Մարտի 1–ը», բայց ո՛չ դուք եք բացահայտողը, ո՛չ մենք»:

 

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործելաոճին՝ նա հայտարարեց, թե ՀԱԿ-ի ղեկավարը պետք է վեր կենար և ասեր՝ շնորհակալություն ԲՀԿ. «Բայց հիմա դուք նրանց դարձրել եք ընտրանքային, յանի դուք էլ ընտրյալներն եք»:

 

Մարտի 1-ի զոհերին անդրադառնալով՝ ՀՀԿ–ականն ավելացրեց. «Նույնիսկ զոհերին եք մասնավորեցրել, մեր զոհերն են, դուք ո՞վ եք որ, հիմա մենք գալու ենք քննարկենք մեր, թե ձեր զոհերի հարցը: Էդ փամփուշտը չունեք, ուրիշի հզորություններով չի կարելի շարժվել առաջ: Ես կարող եմ էսօրվա գործիչների բոլորի ականջին ասել, թե ինքն այդ ժամանակ որտեղ էր, որ դիրքով»:

 

Իշխող կուսակցության ներկայացուցիչը նաև վստահեցրեց, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ պրովոկատորների, այլ լուրջ մարդկանց միջոցով, և այդ մարդիկ իրենք են: Իսկ հանձնաժողով ստեղծելու շուրջ իշխանության տեսակետի մասին ասաց. «Կանխավ մտածում էինք գնալ պրովոկատորների ետևից, բայց տեսանք, որ դուք հատուկ այս հարցի քննարկումը արել եք, որպեսզի նորից գրգռեք ժողովրդին, դուք արդեն հայտարարել եք, որ մարտի մեկի հավաքից հետո կասեք՝ Մայդան կլինի, թե չէ: Ծուղրուղուներով ուզում եք առաջ գնա՞լ»:

 

Իր բնորոշմամբ՝ պրովոկատորների մասին էլ ավելացրեց. «Էդ ումի՞ց եք այստեղ վատություն տեսել: Էդ պրովոկատորներից մարդիկ կան, որ էդ թվերին բուլավկով մայկա էին հագնում, էսօր չգիտեն՝ ուր են գնում»:

 

Վերադառնալով իր հասցեին որոշ պատգամավորների արված դիտարկումներին, թե Գալուստ Սահակյանը բարդ ստորադասական նախադասություններ կասի ու կանցնի՝ նա պատասխանեց. «Պարզ ընդարձակ նախադասություններով կխոսեմ, որպեսզի տարրական կրթություն ունեցողների համար պարզ և մատչելի լինի»։

 

Գալուստ Սահակյանը նաև անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորներից Նիկոլ Փաշինյանի՝ ելույթը կարդալու հանգամանքին. «Մարդն ինչքա՞ն չարացած պետք է լինի, որ մի օր առաջ գրավոր գրի, թե ինչպես պետք է անպատվի»: