Համակարգ են ներխուժել առանձին պրովայդերի միջոցով. մասնագետները՝ ադրբեջանական հաքերների հարձակման մասին
ADC ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Սարգսյանը, ներկայացնելով ադրբեջանական հաքերների՝ ADC-ի DNS համակարգի մեջ ներխուժելու և այնտեղ փոփոխություններ անելու փորձերը, հայտարարեց, որ ADC ընկերության համակարգը փակ է դրսի հարձակումների համար, սակայն հաքերները կարողացել են ընկերությանը պատկանող այլ պրովայդերների միջոցով ներխուժել համակարգ՝ խափանելով հայկական շուրջ 300 կայքերի աշխատանքը:
«Համակարգը միջազգային ստանդարտներով է կառուցված, և յուրաքանչյուր օգտատեր կարողանում է մուտք գործել: Կոտրվել է մեր լոկալ պրովայդերներից մեկը, և նրանց IP հասցեից մուտք են գործել մեր համակարգ: Մեզ, որպես այդպիսին, չեն կոտրել, ուղղակի օգտվել են այն հանգամանքից, որ «թշնամին տնից է», դա էլ անփութության արդյունք է եղել»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Անդրադառնալով տեղեկատվական պատերազմներին՝ ընկերության տնօրենը նշեց, որ հիմնականում հայ լրագրողները վերցնում են ադրբեջանական կայքերից հատվածներ, ինչի արդյունքում ադրբեջանական կայքերի ռեյտինգը բարձրանում է: «Ես գնալով սկսում եմ համոզվել, որ մեր ինֆորմացիոն դաշտում սեփական նյութ ստեղծելու համար կամ պետք է ինչ-որ անհասկանալի բան լինի, կամ ավտովթար և այլն, ուրիշ ինֆորմացիա մեր դաշտում չի ստեղծվում, և ապացուցվել է, որ ինֆորմացիոն դաշտի վաթսուն տոկոսը պլագիատ է կամ թարգմանություն»,-ասաց նա:
Թեմային անդրադարձավ նաև մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ հիշեցնելով, որ տեղական որոշ կայքեր ադրբեջանական կայքերից վերցնում և տարածում են Խոջալուի մասին տեղեկություններ, մի բան էլ ակտիվ հղում են տալիս: «Պետք չէ ադրբեջանական քարոզչությունը, որն ուղղված է մեր պետականությանը, վերցնել և օգտագործել ներքին խնդիրների համար: Պետք է անպայման ուշադիր լինել, քանի որ քարոզչական պատերազմն ընդհանուր պատերազմի արբանյակն է»,-ասաց նա:










