Իվանիշվիլիի դիմանկարը գնահատել են 2000 ԱՄՆ դոլար
Վրացական հայտարարությունների կայքում տեղադրվել է Վրաստանի նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլիի դիմանկարների վաճառքի մասին հայտարարությունը, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը։
Վաճառքի հանված դիմանկարներից մեկն արժե 1500, մյուսը՝ 2000 ԱՄՆ դոլար։
Առաջին աշխատանքում Բիձինա Իվանիշվիլին պատկերված է սեղանի կողքին կանգնած, որի վրա ծաղիկներ են դրված։
Երկրորդում նախկին վարչապետը նստած է բազկաթոռին և ձեռքում գիրք է պահում, որի վրա գրված է «Վրացական երազանք»։
Դիմանկարների հեղինակը վրացի գեղանկարիչ Դեմուրի Գրիգոլիան է։
Բիձինա Իվանիշվիլին առաջին քաղաքական գործիչն է Վրաստանում, որին նա որոշել է նվիրել իր աշխատանքները։ «Ես ևս մի դիմանկարի գաղափար ունեմ։ Այն տարբերվելու է նախորդ աշխատանքներից։ Ցանկանում եմ Իվանիշվիլիին պատկերել նրա հայրենի տան պատշգամբին՝ գյուղի տեսարանով»,-ասել է նկարիչը։
Դեմուրի Գրիգոլիայի խոսքով՝ իր աշխատանքները հանրության հետաքրքրությանն են արժանացել։ Նրան զանգահարել են հաճախորդներ, հետաքրքրվել դիմանկարներով, հետաքրքրվել են նաև լրագրողները։
2011թ.-ի հոկտեմբերին վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանրության համար անսպասելիորեն քաղաքական ուժ ստեղծեց և իշխանության եկավ։ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելուց հետո Բիձինա Իվանիշվիլին դարձավ վարչապետ։ Նախագահական ընտրություններից հետո հայտարարեց քաղաքական դաշտից հեռանալու մտադրության մասին։










