Անմեղության կանխավարկածը դեռ ձեզ վրա տարածվում է. Լ. Սարգսյանը զգուշացնում է մեծամասնությանը՝ ստեղծել «Մարտի 1-ի» հանձնաժողով
Անմեղության կանխավարկածը դեռ տարածվում է Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության վրա, իսկ թե կոնկրետ ո՞ւմ վրա կտարածվի, ցույց կտա քվեարկությունը, թե ՀՀԿ մեծամասնությունն ինչպես է քվեարկում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնությանը: Այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Առայժմ բոլորիդ վրա տարածվում է անմեղության կանխավարկածը: Ուզում եմ ձեզ հիշեցնել,որ Յանուկովիչի պաշտոնազրկումից առաջ «Ռեգիոնների կուսակցությունն» ամբողջությամբ աջակցում էր իր ղեկավարին»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը և հիշեցրեց, որ նրա Ուկրաինայից փախչելուց հետո քաղաքական մեծամասնությունն իր վրա չվերցրեց երկրում տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվությունը, ինչը նրանց հնարավորություն տվեց առնվազն քրեական հետապնդման չենթարկվել Մայդանում մարդկանց գնդակահարման համար:
«Ձեզ ևս հորդորում չմտնել այդ ծանր բեռի տակ, որովհետև անուն առ անուն հիշվելու եք յուրաքանչյուրդ և պատասխան եք տալու սերունդներին»,–-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը, որը իր խոսքն ավարտեց ասելով «այսքան բան, Գալո՛ւստ Գրիգորիչ»:
Սրանից հետո, Լյուդմիլա Սարգսյանին տեղից առարկող Գալուստ Սահակյանին պաշտպանելու փորձ արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նախ ասաց, որ կոռեկտ չէ քաղաքական ընդդիմախոսներին նման կերպ դիմելը, այն էլ «մեծն Գալուստ Գրիգորիչին», ապա պարզաբանեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդհատել է ոչ թե կնոջը, այլ գաղափարը:
Եթե բանավեճը հեռակա էր Լյուդմիլա Սարգսյանի և Գալուստ Սահակյանի միջև, ապա անմիջապես ծավալվեց նրա և «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի միջև, ով առաջարկեց ընդլայնել ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկան և քաղաքական գնահատական տալ ոչ միայն «Մարտի մեկի», այլև մինչ այդ Հայաստանում անցկացված համապետական ընտրություններին ու դրանց հետևած քաղաքական իրադարձություններին:
«Ես համաձայն եմ պարոն Դեմիրճյանի հետո, որ եթե չլիներ 2004–ը, չէր լինի 2008-ը, ես ավելացնում եմ, որ եթե չլիներ 94 թվականը, երբ Լևոն Տեր Պետրոսյանը հետապնդումների ենթարկեց ՀՅԴ-ն, չէր լինի 95 թվականը, երբ ընտրություններին չմասնակցեց նաև ՍԻՄ–ը»:
Դիմելով Գագիկ Ջհանգիրյանին՝ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ նա այն ժամանակ լինելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, մի քանի տասնյակ հազար ստորագրությունների մեջ հայտնաբերել էր 3 կեղծ ստորագրություն, ինչը հիմք էր դարձել, որ իրենց թեկնածուները չգրանցվեն:
«Չէր լինի 96 թվականը, երբ, այո , կիրառվեց ուժ, այդ թվում բանակային ուժ ցուցարարների դեմ, ինչպես ընդունված է հիմա ասել՝ ժողովրդի դեմ… Եղան վիրավորներ, եղան զոհեր, շատ դաժան վերաբերմունք ընդդիմության դեմ, կիրառվեց բանակի ուժը»,-ասաց Հայկ Բաբուխանյանը և հավելեց, որ վերը նշված բոլոր դեպքերը համալիր ուսումնասիրման կարիք ունեն:
Նրա խոսքով՝ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը պետք է պատասխան տան:
Նա նշեց, որ միակ ընտրությունները, երբ կրակոցներ ու բռնի ուժի կիրառում չի եղել ՀՀ պատմության մեջ, 2012–ի և 2013-ի համապետական ընտրություններն են՝ հավելելով, թե Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմը գնաց օրինականության, ընդդիմախոսների կարծիքը հարգելու, ազգային համերաշխության ճանապարհով:
Հայկ Բաբուխանյանը, ով որպես կասկածյալ հանդես էր գալիս «Հոկտեմբերի 27»-ի գործով, առանձին ուղերձներ հղեց այն ժամանակ՝ Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ ասելով. «Իհարկե, չեք ցանկանա բացել այդ էջերը, որովհետև ժամանակին կոծկել էիք»:
Նա նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանին, որպես դատախազի, պետք է քաջ հայտնի լինի, թե Քրեական օրենսգիրքը ինչ հոդվածներ է սահմանում այն մարդկանց, ովքեր գիտեն, բայց չեն հայտնում։ Իսկ եթե չգիտեն, բայց ինչ-որ բաներ են ասում, ապա դա Հայկ Բաբուխանյանը համարում է մանր շանտաժ:










