Ես այնքան տղամարդկություն ունեմ, որ կողմ լինեմ «Մարտի 1»-ի հանձնաժողովին, բայց չեմ կարող, քանի որ դեմ եմ. Մ. Եսայան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ունի այնքան տղամարդկություն, որ կողմ լինի «Մարտի»-ի հանձնաժողովին, եթե անգամ դրան դեմ է իր քաղաքական թիմը, բայց դեմ է:
Այս մասին այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց Մարգարիտ Եսայանը՝ հանդես գալով, իր իսկ խոսքերով՝ մոր, տատիկի, նախկին լրագրողի և ներկայումս՝ քաղաքական գործչի դիրքերից:
«Ես կարող էի լավամարդ լինել, վախենալ, որ ինձ կարող են ասել՝ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է «Մարտի 1-ի» հանձնաժողովին: Ես գիտեմ իմ խմբակցության դիրքորոշումը, բայց ես ունեմ այդքան տղամարդկություն՝ կանգնել-ասելու, որ ես կողմ եմ։ Բայց չեմ անում, որովհետև իրականում կողմ չեմ այդ հանձնաժողովին: Ես ունեմ այդ տղամարդկությունը, բայց ես դեմ եմ, որովհետև ես չեմ ուզում թոզ փչել մեր զոհերի հարազատների աչքերին»,-հայտարարեց Մարգարիտ Եսայանը՝ միանալով Ալեքսանդր Արզումանյանի այն առաջարկին, որ Կառավարությունը ֆինանսական և այլ օգնություն հատկացնի զոհերի հարազատներին:
Մարգարիտ Եսայանը հարցրեց, թե դահլիճում ներկաները՝ ընդդիմություն, իշխանություն, պատրա՞ստ են կանգնել կրակի վրա, որպեսզի «էս երկիրը, մեր երկիրը, փոքրիկ երկիրը ի վերջո դառնա այն երկիրն ու պետությունը, որին նույնքան շատ ու նույն սիրով ձգտում ենք ես, նաև՝ Նիկոլը՝ նույն սիրով ու համառությամբ»:
Այլապես, ըստ նրա, տարբեր խոսակցությունները մարտի մեկի մեղավորների, անմեղների, զոհերի մասին, հարցը՝ ո՞վ առաջինը սկսեց, դառնում են զրոյական:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե եթե նույնիսկ ստեղծվի հարյուր հատ «Մարտի 1»-ի , միլիոն հատ «Մարտի 1–ի» հանձնաժողով, այդ հարցերի պատասխանները չեն տրվելու, թեև Մարգարտ Եսայանը հայտարարում է, որ առաջինն ինքն է պահանջատեր, որ «Մարտի 1–ի» բոլոր մեղավորները պատժվեն՝ անկախ նրանից՝ ովքեր են՝ իր սիրելինե՞րը, թե՞ թշնամիները:
«Որովհետև մենք տեսել ենք ժամանակին հանձնաժողով, «Մարտի 1–ի» նախկին հանձնաժողովը նկատի չունեմ, այլ նրա, որի՝ այն ժամանակ նախաքննության ղեկավարը գալիս էր այս դահլիճ և չէր պատասխանում հարցերին, որովհետև ասում էր՝ ես չունեմ հրահանգ՝ պատասխանելու հարցերին: Ես հասկանում եմ իմ ընդդիմադիր գործընկերների ցավը, հասկանում եմ մտահոգությունը, ես դա գրեթե համարում եմ իմը, որովհետև մարդիկ հանրահավաք պիտի անեն և հրապարակում պատասխան ունեն տալու մարտի մեկի զոհերի հարազատներին, ճիշտ այնպես՝ ինչպես ես ունեմ պատասխան տալու: Պարոն Ջհանգիրյանը բավականին ազնվորեն դա խոստովանեց, երբ հարցնում էին, թե ինչո՞ւ այսօր, հիմա, նորից ՝ մարտի մեկ, մարդը բացահայտ ու ազնվորեն ասաց՝«ես մեղքի զգացում ունեմ: Բայց բոլորս շատ լավ հասկանում ենք և ավելի շատ ՝ պարոն Ջհանգիրյանը, որ հանձնաժողովներով հարց չի լուծվում»,-հայտարարեց հանրապետական պատգամավորը՝ կոչ անելով դատախազ ու քննիչ չկանչել ԱԺ:
Նա վկայակոչեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով մեկ այլ առիթով ԱԺ-ում հայտարարել էր՝ եթե ուզում ես ինչ-որ բան թաղել, ստեղծիր հանձնաժողով:
Մարգարիտ Եսայանն, ի ամփոփում, կոչ արեց բզիկ–բզիկ չանել , մեջ–մեջ չանել մարտիմեկյան ողբերգությունը ու հիշեցրեց, թե կյանքը սևագրություն է, որը մաքրագրելու ժամանակ չեն ունենում:










