Ղրիմի Գերագույն ռադան հայտարարել է համաղրիմյան հանրաքվեի անցկացման մասին

16:04 • 27.02.14

Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահությունն առաջարկել է շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Ղրիմի տեղեկատվական գործակալությանը»:

 

«Միայն ինքնավարության կարգավիճակի կատարելագործման և դրա լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվեի անցկացումը թույլ կտա ղրիմցիներին ինքնուրույն, առանց արտաքին ճնշման և հրամանի որոշել ինքնավարության ապագան»,- ասված է պատգամավորների ուղերձում:

 

Նախագահությունը նաև գնահատական է տվել Ուկրաինայում վերջին իրադարձություններին՝ նշելով, որ երկրում տեղի է ունեցել «իշխանության գրավում՝ ծայրահեղ ազգայնականների կողմից»:

«Ուկրաինան գլորվում է ամբողջական քաոսի, անարխիայի և տնտեսական աղետի գիրկը։ Այս պայմաններում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան ստանձնում է Ղրիմի ճակատագրի ողջ պատասխանատվությունը»,- հայտարարել են պատգամավորները: