Վիկտոր Յանուկովիչը հպարտանում էր իր կոռումպացվածությամբ. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վստահեցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այլ երկրների ղեկավարների առաջ հպարտանում էր նրանով, թե որքան կոռումպացված է ինքը, գրում է inopressa.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
«Նա բարձրաձայնում էր այն մասին, թե ինչպես է ստիպել բարձրաստիճան պաշտոնյաներին Գերագույն և Սահմանադրական դատարաններում կաշառք վերցնել։ Նրա համար միևնույնն էր, թե ում հետ է ինքը խոսում, այդ մարդը ոչ մի պատկերացում չուներ բարոյականության մասին»,- ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ Յանուկովիչը յուրահատուկ էր հետխորհրդային առաջնորդների, նույնիսկ Միջին Ասիայի բռնապետների շրջանում, որոնք հայտնի են իրենց դաժանությամբ և կոռումպացվածությամբ, նշում է հոդվածի հեղինակ Շոն Ուոլքերը։
«Մյուսները ցինիկ էին լինում, բայց ոչ այն աստիճան, որ մատնեին իրենց։ Ես չէի զարմանում, որ նա այդ ամենն անում էր, ես զարմանում էի, թե որքան բացահայտ է նա այդ մասին խոսում»,- ասել է Սաակաշվիլին։
Յանուկովիչը հիացած էր այն փաստով, որ կարող է կեղծել դատարաններում։ «Դա այնպիսի մարդկանց հատկանիշ է, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել օրենքի հետ։ Դա լիովին խորհրդային մտածելակերպ է»,- կարծում է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահի կարծիքով՝ Յանուկովիչին հանգիստ չէր տալիս հատկապես նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մասին միտքը։ «Նա տարօրինակ մոլուցք ուներ։ Իրեն թվում էր, որ Տիմոշենկոն պետք է մնա բանտում ընդմիշտ, հակառակ դեպքում՝ ինքը խնդիրներ կունենա»,- հավելել է Սաակաշվիլին։










