ՄՄ-ի և ԵՄ–ի հարցում Հայաստանի և Վրաստանի ընտրությունը չպետք է խոչընդոտի երկկողմ հարաբերություններին

17:26 • 27.02.14

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև Եվրոպական Միությանը հետ ինտեգրացիոն ճանապարհով գնալու՝ Վրաստանի որոշումը չպետք է խոչընդոտեն այս երկրների հետագա հարաբերությունների զարգացմանը, այս մասին ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանը:


«Հայաստանի Հանրապետության որոշումը միանալ Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը Եվրոպական միության հետ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու մասին չպետք է խոչընդոտի մեր երկրների տնտեսական հարաբերություններին, այս որոշումները նոր հնարավորություն են ընձեռում մեր երկրների գործարարներին»,- ասաց նախագահը:


Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստաննն անչափ կարևորում է իր այցը Հայաստան, որի շրջանակում տեղի ունեցան արդյունավետ բանակցություններ, քննարկվեց երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը:


«Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը մեր օրակարգի կարևորագույն բաղադրիչն է ... Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013-ին տեղի է ունեցել մեկ վարչապետական և 15 նախարարական այցելություններ, սա լավ քանակ է և խոսում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին, իսկ ակտիվ քաղաքականությունը լավագույն խթան է տնտեսական հարաբերությունների զարգացման»,- ասաց նա:


Սերժ Սարգսյանն ընդգծեց նաև, որ հանդիպման ընթացքում իրենք անդրադարձել են տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին և քննարկել անվտանգության հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանը նշեց, որ Վրաստանի նախագահի հետ միակարծիք էին, այն հարցում, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի համապատասխան:


Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր խոսքում անդրադարձավ Վրաստանում ապրող հայ համայնքին՝ նշելով, որ նրա դերը մեծ է Վրաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման գործում: Ն


Գիորգի Մարգվելաշվիլին ընդգծեց, որ այս այցը շատ կարևոր է, քանի որ հայ և վրացի ժողովուրդները կապված են բազմադարյա բարիդրացիական հարաբերություններով:


«Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ իմ պատվիրականության մեջ կան ազգությամբ հայ պատգամավորներ ու քաղաքագետներ: Հայաստանն ու Վրաստանը կապված են միմյանց հետ բազմադարյա պատմությամբ և այս հարաբերությունը ամուր հիմք են ապագա համագործակցության համար: Շատ հաճելի է, որ նման մոտեցումներ ունի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց նա:


Վրաստանի նախագահը նշեց, որ չնայած երկու երկրների քաղաքական վեկտորները տարբերվում են, բայց միատեսակ դիրքորոշում ունեն երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին:


«Փոփոխությունները լինելու են միայն պոզիտիվ և ամեն ինչ պետք է անենք մեր հարաբերությունների զարգացման ու խորացման համար: Սակայն մենք կապված ենք, ոչ միայն պատմությամբ, այլ տնտեսական ու քաղաքական որոշակի մոտեցումներով: Մենք քննարկել ենք, որ մեր համագործակցությունը անպայման պետք է շարունակվի»,- ասաց նա:

Գիորգի Մարգվելաշվիլին նաև նշեց, որ ինքն ավարտել է այցելությունները երեք հարևան երկերներ և հանգել է եզրակացության, որ այդ երեք երկրներն էլ շահագրգռված են Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:


«Ուզում եմ ասել, որ նույն մոտեցումը ունի Վրաստանը, մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները հարևան երկրների հետ»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, մի շարք հարցերում միևնույն դիրքորոշումն ունենալու համար:


Գիորգի Մարգվելաշվիլին նշեց, որ սպասում են ՀՀ Նախագահի այցելությանը Վրաստանում: