Ղրիմի խորհրդարանը անվստահություն է հայտնել նախարարների խորհրդին, և դադարեցրել վերջինիս գործունեությունը
Ղրիմի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության նախարարների խորհրդին անվստահություն հայտնելու և վերջինիս գործունեությունը դադարեցնելու մասին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել են Ղրիմի Գերագույն ռադայի մամլո կենտրոնից:
«Այս որոշմանը կողմ է քվեարկել նիստին ներկա գրանցված 65 պատգամավորներից 55-ը: Այս որոշմամբ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան Նախարարների խորհրդի գործունեությունը 2013-ի ընթացքում` ըստ ներկայացված հաշվետվության, անբավարար է ճանաչել: Այս որոշումն ուժի մեջ կմտնի ընդունման օրվանից», - հաղորդել են մամլո ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ղրիմի կարգավիճակի որոշման հարցով հանրաքվեն կարող է անցկացվել մայիսի 25-ին:










