Ոչ միայն հանցագործները կբացահայտվեն, այլև՝ ուղղորդողները. Գալուստ Սահակյանը` «Մարտի 1»-ի մասին

16:20 • 28.02.14

ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսօր ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ կբացահայտվեն ինչպես «Մարտի 1-ի» հանցագործները, այնպես էլ այդ դեպքերի ուղղորդողները։
«Համոզված եմ, որ ոչ միայն հանցագործները կբացահայտվեն, այլև՝ ուղղորդողները: Իսկ թե ինչո՞ւ գործում բացահայտում չկա, պատճառն այն է, որ որևէ անձ, այս տարիների ընթացքում որևէ վկայություն դեռևս չի տալիս։ Բացահայտումը կապված է նրա հետ, երբ մարդիկ վկայություն տան՝ տեսել են, չեն տեսել, դա քննչական պրոցես է»,– ասաց նա:


«Եթե այս հանձնաժողովն էլ կազմավորվի՝ կլինի չորրորդը, քաղաքական վերլուծաբաններն էլ պիտի հասկանան, որ քաղաքական վերլուծություններով հանցագործություն չի բացահայտվում: Հիմա դուք մտածում եք՝ ես քննչական կազմակերպություն եմ ներկայացնո՞ւմ: Նման գործերը երբեք մութ չեն մնում, դա բացահայտվելու է, բայց ես չեմ կարծում, թե այդ գործում հանձնաժողովը մեծ դերակատարում կունենա»,- ասաց նա։


Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոչ իշխանական ուժերի կարծիքին, որ ՀՀԿ-ն համարձակություն չունի բացահայտելու «Մարտի 1-ը», պատգամավորն ասաց. «Եթե իրենց կմխիթարի դա, թող լինի, որ չունեն: Ջանները դող ա ընգել, հիմա համարձակությունից են խոսո՞ւմ: Ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ հանձնաժողովը չկայանա, կայացման համար մարդիկ համոզում են, բանակցում, ոչ թե զրպարտում, զազրախոսում: Իրենց ձեռ չի տալիս այդ հանձնաժողովը»,- հայտարարեց նա։


Հարցին, թե համաձայն է տեսակետներին, որ մինչև իշխանափոխություն չլինի, «Մարտի 1-ի» ոճրագործությունները չեն բացահայտվի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե 96թ-ից հետո իշխանափոխություն եղավ, բայց չբացահայտվեցին այն ժամանակվա ոճիրները:


«Հանրապետական» խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ խմբակցության տեսակետը կներկայացնի միայն քվեարկությունից առաջ: