Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կմասնակցի «Մարտի 1-ի» զոհերի հիշատակի երթին ու հանրահավաքին

11:48 • 28.02.14

«Մարտի 1–ի» 10 զոհերի հիշատակին նվիրված երթին ու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախատեսած հանրահավաքին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանից բացի, կմասնակցի նաև նույնանուն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը. այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը։


«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ իր համար շատ համոզիչ էր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը, թե քանի դեռ կա ներկա իշխանությունը, ապա «Մարտի 1-ը» չի կարող բացահատվել։


«Մեր խմբակցության անդամի թե՛ ձևակերպումը, թե՛ փաստարկները շատ համոզիչ էին։ Իշխանությունը շահագրգռված չէ, որ այն բացահայտվի, որովհետև «Մարտի 1–ը» անպայման ունի մեղավորներ, կազմակերպիչներ և բնականաբար «Մարտի 1–ը» հետևանք էր նախագահական ընտրությունների, իսկ ցանկացած ընտրությունների պատասխանատուն իշխանությունն է։ Չեմ ասում միակը իշխանությունն է, բայց հիմանականը իշխանությունն է»,- ասաց նա։


Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ անցած վեց տարիների ընթացքում տասը զոհերի մեղավորները չբացահայտվեցին, որովհետև իշխանությունը քաղաքական կամք չունի։


«Իշխանությունը քաղաքական կամք չունի, որպեսզի հարցը քաղաքական դաշտից տեղափոխվի իրավական»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե կամք լինի, «Մարտի 1-ի» հարցերով հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չի էլ լինի և ամեն ինչ կբացահայտվի իրավական դաշտում։