Իսրայելը կրճատել է Ալ-Աքսա մզկիթում աղոթել ցանկացող մուսուլմանների թիվը

09:26 • 28.02.14

Իսրայելի իշխանությունները կտրուկ կրճատել են պաղեստինցիների թիվը, որոնք մտադիր էին ուրբաթօրյա աղոթք անել իսլամի գլխավոր սրբավայրերից մեկում` Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում, հայտնում է Sky News-ը:

 

Իսրայելական ոստիկանության հրահանգով` մզկիթ կարող են մտնել միայն 50-ից բարձր տարիքի արաբ տղամարդիկ: Այդ կերպ իսրայելցիները կանխել են երիտասարդ և քաղաքական առումով ավելի ակտիվ մուսուլմանների մեկտեղումը մզկիթում:

 

Իր որոշումն Իսրայելը հիմնավորել է նրանով, որ ցանկանում է խուսափել պաղեստինցի երիտասարդների և ծայրահեղ աջակողմյան հրեական խմբավորումների բախումների կրկնությունից: Վերջիններս մի քանի օր առաջ փորձել էին Իսրայելի դրոշը պարզել Ալ-Աքսա մզկիթի վրա:

 

Սակայն, ըստ աղբյուրի, իրական պատճառն այն է, որ պաղեստինցիները դժգոհում են Իսրայելի Քնեսեթի նախաձեռնությունից, այն է` Իսրայելի սուվերենությունը վերականգնել Տաճարի լեռան և այնտեղ գտնվող իսլամական սրբավայրերի նկատմամբ:

 

1994-ից Տաճարի լեռան իսլամական սրբավայրերը գտնվում են Հորդանանի վերահսկողության ներքո: Քնեսեթի ներկայիս նախաձեռնությունը վրդովմունք է առաջացրել նաև Հորդանանում: Այնտեղից արտաքսվել է Իսրայելի դեսպանը, ինչն աննախադեպ քայլ է, իսկ Հորդանանի դեսպանը հետ է կանչվել Թել Ավիվից: