Ռուս զինվորականները վերահսկողության տակ են առել Սևաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանը
Սևաստոպոլի մոտ գտնվող «Բելբեկ» օդանավակայանը վերահսկողության տակ են առել ռուս զինվորականները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին:
Դա տեղի է ունեցել փետրվարի 27-ին՝ ժամը 23:00-ին: Սևաստոպոլում զինվորական աղբյուրներից լրագրողներն իմացել են, որ ռուս զինվորականները տեղ են հասել՝ «ինչ-որ գրոհայինների ժամանումը թույլ չտալու համար»:
Ուրբաթ գիշերն ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Բելբեկն» արգելափակել են անհայտ զինված անձինք։
Հինգշաբթի երեկոյան էլ զինվորական համազգեստով անհայտ անձինք գրավել են Սիմֆերոպոլի օդանավակայանը: Ուրբաթ առավոտյան «Էխո Մոսկվի»-ն՝ օդանավակայանի մամուլի քարտուղար Իգոր Ստրատիլատիին հղումով, հայտնել է, որ զինված մարդիկ գնացել են: Սակայն, ինչպես lenta.ru-ին հաղորդել է «Ռուսկայա պլանետա»-ի թղթակիցը, օդանավակայանում զինված շղթայումը պահպանվում է: Միևնույն ժամանակ օդանավակայանը շարունակում է աշխատանքը, ոստիկանությունը զինված մարդկանց վրա ուշադրություն չի դարձնում, իրավիճակը հանգիստ է:
Որոշ տվյալներով՝ զինվորականների խնդիրն է թույլ չտալ Ղրիմ ժամանել ուկրաինացի ուժայիններին, մասնավորապես՝ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին և Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյին:










