Ուկրաինայի ՆԳՆ-ն Ղրիմում իրադարձությունները գնահատում է որպես ՌԴ զինված ներխուժում

12:09 • 28.02.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես ՌԴ-ի կողմից զինված ներխուժում և օկուպացում, հաղորդում է УНИАН-ը:

 

Ավակովը հայտնել է, որ Սևաստոպոլի մոտ գտնվող «Բելբեկ» օդանավակայանն արգելափակել են ՌԴ նավատորմի ռազմական ստորաբաժանումները: Նրա խոսքով՝ օդանավակայանի ներսում գտնվում են Ուկրաինայի սահմանապահները:

«Դրսում՝ առանց տարբերանշանի, սակայն իրենց պատկանելությունը չթաքցնող համազգեստով և զենքով զինվորականներ են: Օդանավակայանը չի աշխատում»,- գրել է նա Facebook-ի իր էջում: Նրա խոսքով՝ զինված բախում դեռ տեղի չի ունեցել։

 

Ինչ վերաբերում է Սիմֆերոպոլի օդանավակայանին,  Ավակովը տեղեկացրել է, որ գիշերը մոտ 1:30-ին օդանավակայանի շենք են եկել մի քանի բեռնատարներով 119 զինվորականներ՝  առանց տարբերանշանի ռազմական համազգեստով: Նրանք մտել են օդանավակայանի շենք և տեղակայվել ռեստորանի շենքում: Նրանք, Ավակովի խոսքով, չեն թաքցնում իրենց պատկանելությունը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին: Ներքին գործերի ուկրաինացի աշխատակիցների հարցերին պատասխանել են կարճ՝ ասելով, որ հրաման չունեն իրենց հետ բանակցություններ անցկացնելու: Հաղորդվում է, որ զենք երկու կողմից չի կիրառվել:

 

Ավակովը գրել է, որ Ուկրաինայի ներքին զորքերը և ՆԳՆ-ն ուժեղացրել են իրենց անձնակազմն օդանավակայանի շրջանում: «Լարվածությունը մեծանում է, և կանոնավոր ռազմական ուժերին իրավապահ մարմինները դիմակայել չեն կարողանա»,- գրում է Ավակովը:

 

«Տեղի ունեցողը գնահատում եմ որպես զինված ներխուժում և օկուպացիա: Խախտելով բոլոր միջազգային պայմանագրերը և նորմերը: Դա զինված արյունահեղության ուղիղ սադրանք է ինքնիշխան պետության տարածքում»,- հայտարարել է նախարարը:

 

Ավակովը կարծում է, որ դա արդեն ՆԳՆ-ի իրավասությունը չէ, այլ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի: