Բրիտանական հետախուզությունը մի քանի տարի շարունակ լուսանկարել է Yahoo!-ի մերկ օգտատերերին

13:43 • 28.02.14

Բրիտանիայի հետախուզությունը մի քանի տարի շարունակ հետևել է Yahoo! ընկերության ինտերնետային չաթերի միլիոնավոր օգտատերերի: Հետախույզների գործողությունների մասին բացահայտող տեղեկությունները հրապարակել է The Guardian թերթը՝ հղում անելով ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, գրում է ntv.ru-ն:

 

Սնոուդենի փաստաթղթերից հետևում է, որ «Օպտիկական ներվ» անվանումը կրող գործողությունը սկսվել է դեռևս 2008 թվականին: Օգտատերը տեսակապ է հաստատել ընկերների և հարազատների հետ՝ չկասկածելով, որ այդ պահին նրան լուսանկարել են համակարգչին ամրացված վեբ-տեսախցիկի միջոցով:

 

Լուսանկարները ենթադրվում էր օգտագործել նախկինում դատապարտվածներին և ահաբեկչության համար կասկածվողներին ճանաչելու համար: Սակայն հանցագործների փոխարեն հաճախ տեսախցիկի օբյեկտիվում են հայտնվել սովորական մարդիկ, ընդ որում՝ մերկ: Նշվում է, որ հետախուզական շտաբը ստիպված է եղել բազմաթիվ ջանքեր ձեռնարկել՝ գերատեսչության աշխատակիցների մեծ մասից նման լուսանկարները թաքցնելու համար: