Ժնևում հետաքննություն են սկսել Յանուկովիչի դեմ
Ժնևում Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա ավագ որդու՝ Ալեքսանդրի դեմ հետաքննություն են սկսել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։
Նրանք կասկածվում են փողերի լվացման համար։
Ավելի վաղ Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել էր, որ եթե երկրի տարածքում հայտնաբերվեն ակտիվներ, որոնք կապ կունենան Ուկրաինայի պաշտոնանկ նախագահի հետ, ապա դրանք կսառեցվեն։
Շվեյցարիայում արշավ է սկսվել հատկապես Յանուկովիչի ավագ որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի MAKO Holding ընկերության դեմ, որի միջոցով էլ նա իրականացրել է ածխի առևտուրը։
Գործակալության տեղեկություններով՝ կսառեցվեն ուկրաինացի 20 գործարարների հաշիվներ՝ ներառյալ Յանուկովիչի, նրա որդու և որոշ նախկին նախարարների։
Ոստիկանությունն արդեն խուզարկել է ընկերություններից մեկը, որը պատկանել է Ալեքսանդր Յանուկովիչին. առգրավվել են փաստաթղթեր։










