ԱՄՆ-ում հասարակության համար հասանելի կդառնան Բիլ Քլինթոնի շրջանի գաղտնի փաստաթղթերը

09:45 • 28.02.14

ԱՄՆ Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում գտնվող Բիլ Քլինթոնի նախագահական գրադարանում հասանելի են դարձել գաղտնի փաստաթղթեր՝ առնչվող այն շրջանին, երբ Քլինթոնը զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը (1993-ից 2001 թվականներին)։ Այդ մասին հայտնել են գրադարանի և ԱՄՆ ազգային արխիվի ներկայացուցիչները, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ընդհանուր առմամբ երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ցուցադրել փաստաթղթերի 33 հազար էջ, այդ թվում՝ Քլինթոնի և իր խորհրդականների միջև գաղտնի բանակցությունների սղագրությունները: Ժամանակի ընթացքում փաստաթղթերին ծանոթանալ հնարավոր կլինի նաև համացանցում:

 

Ամերիկյան օրենքների համաձայն՝ ԱՄՆ վարչակազմի գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերի մեծ մասը հասանելի կարող է դառնալ 12 տարուց ոչ շուտ: Բացի այդ, կան տարբեր սահմանափակումներ, որոնք կախված են փաստաթղթի գաղտնիության աստիճանից: