Կառնավալ Գերմանիայում. «Կլիչկոն» նոկաուտի կենթարկի «Պուտինին» (լուսանկարներ)
Գերմանիայի Քյոլն քաղաքում փետրվարի 27-ին մեկնարկել է ամենամյա կառնավալը։ Կազմակերպիչները նախօրեին հանրությանն են ներկայացրել մի քանի թեմատիկ անվասայլեր, որոնցից մարտի 3-ին հանդերձավորված մարդիկ կոնֆետներ և ծաղիկներ կնետեն, գրում է Deutsche Welle-ն։
Քաղաքական մոտիվներն ավանդաբար կարևոր տեղ են զբաղեցնում անվասայլերի ձևավորման հարցում։ Դրանք զարդարում են ժամանակակից հայտնի կերպարներով։ Այս անգամ նրանց թվում կլինի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Սակայն ավելի շատ լրագրողներին գրավել է «ուկրաինական ռինգը», որտեղ հսկայական «Վիտալի Կլիչկոն» «նոկաուտի» է ենթարկում փոքրիկ «Վլադիմիր Պուտինին»։
Իրենց երկրի կանցլեր Անգելա Մերկելին կազմակերպիչները նույնպես չեն անտեսում։ Այս տարի կառնավալի հյուրերը նրան կտեսնեն տիեզերագնացի հագուստով։































