ՀՀ-ում ընտրությունները եղել են լավ կազմակերպված, բաց ու թափանցիկ. ԱՄՆ պետդեպի զեկույցը ՀՀ-ի մասին
ԱՄՆ-ի պետդեպը հրապարակել է ամենամյա զեկույցը՝ տարբեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։ Փաստաթղթի հեղինակները զեկույցում ներառել են նաև մեր երկիրը՝ նախևառաջ անդրադառնալով 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, որոնք, ըստ ԵԱՀԿ-ի, բնութագրվել են որպես լավ, պրոֆեսիոնալ մակարդակով կազմակերպված, բաց ու թափանցիկ, թեև նշվում է, որ եղել են նաև թերացումներ։
Զեկույցում նշվում է, որ անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենալուրջ խնդիրը եղել են կոռուպցիան, կառավարման համակարգի ոչ թափանցիկ աշխատանքը, դատական համակարգի կախվածությունն իշխանություններից։
Թեև 2013թ. ընթացքում ՀՀ կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, այնուհանդերձ, իշխանությունները սահմանափակվել են միայն միջին ու ցածր պաշտոնյաների պատժելով։
Զեկույցի հեղինակների մոտ մտահոգության առիթ են հանդիսացել նաև բանակում ոչ ռազմական պայմաններում զինվորների մահվան դեպքերը։ Հեղինակները նշում են, որ ոչ ռազմական պայմաններում մահվան դեպքերի մեծ մասի մեղավորները չեն ենթարկվում պատասխանատվության։
Զեկույցում նշվում է, որ 2013թ. Հայաստանում շարունակել են լուրջ խնդիրներ մնալ կրոնական, սեռական փոքրամասնությունների, ընտանեկան բռնության, մամուլի ազատության, մարդկային թրաֆիքինգի, հաշմանդամների ու բանտարկյալների հանդեպ խտրականության հարցերը։
Պետդեպն ընդգծել է, որ բանտերում ազատազրկվածներն ապրում են նողկալի պայմաններում՝ բնակվելով գերծանրաբեռնաված բանտախցերում, օգտվելով շատ վատ սննդից ու զուրկ լինելով բուժօգնության հնարավորությունից։
Խոսելով Հայաստանի դատական համակարգի թերացումների մասին՝ փաստաթղթի հեղինակներն անդրադարձել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակման ու «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով սպանված Վահե Ավետյանի գործերին։










