Կոծկելը փնտրիր նախկին շեֆիդ մեջ. Հովհաննես Մարգարյանն ասել էր Ալ. Արզումանյանին

13:16 • 28.02.14

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ բարձրաձայնեց, թե ինչ էր տեղից հակադարձել երեկ ԱԺ ամբիոնից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն հայտարարությանը, թե բացի ՀԱԿ-ից ու Ժառանգությունից մնացած բոլոր ուժերը շահագրգռված են «Մարտի 1–ը» կոծկելու մեջ:


«Նա իրեն իրավունք վերապահեց քաղաքական չորս ուժերին մեղադրել կոծկելու մեջ: Մենք երբեք որևէ բան չենք կոծկել, ու ես նրան տեղից ասացի՝ դու կոծկելը փնտրիր նախկին շեֆիդ մեջ, որ չեկավ ու որևէ բան չասաց: Ես ասացի, որ ինքը իրավունք չունի մեղադրել մեզ նման ծանր հանցագործության կոծկման մեջ»,- ասաց ՕԵԿ պատգամավորը և ավելացրեց, որ իրենք ամեն ինչ արել են հանձնաժողովում հարցը բացահայտելու համար։


Պատգամավորը նշեց, թե պետք է պատժվեն «Մարտի 1–ի» մեղավորները, որովհետև ի վերջո կան տասը զոհեր: Ավելին՝ ըստ նրա՝ կազմակերպիչը ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ում «խնդրել են, սակայն չի ներկայացել»։


«Ինչպես պարոն Ջհանգիրյանն ասաց, գնամ կխնդրեմ, կհամոզեմ, որպեսզի գա ներկայանա, և, ըստ էության, մենք կարողանանք հարցեր ուղղել, բայց ինձ թվում է, որ դա միայն կխթանի, որպեսզի առավել մանրամասն ուսումնասիրություն անեն»,- ասաց նա։


Ճշտող հարցին, թե սպանդի կազմակերպի՞չն էր առաջին Նախագահը, թե՝ հանրահավաքի, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, թե հանրահավաքի։


Հարցին, թե ըստ նրա՝ սպանդի կազմակերպիչները իշխանության ներկայացուցիչնե՞ր են, թե՝ ընդդիմության, պատասխանեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։


«Դուք ուղղակի փորձում եք քաղաքականացնել ավելին, քան դա արել է հանրահավաքի հիմնական կազմակերպիչը։ Խոսքը վերաբերում է ընտրաօլիգարխիկ տարրերին, այսինքն՝ քաղաքական կողմնորոշում չունեցող։ Հասկանալի էր չէ՞, նաև այդ հայտարարության մեջ ասել էր՝ դա ուժային կառույցները չեն, իր խոսքերն եմ կրկնում»,-ասաց նա։