Տիմոշենկոն կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնում. Կլիչկո
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնում, որի ընտրությունները կկայանան մայիսի 25-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Ես իսկապես խոսակցություն եմ ունեցել Տիմոշենկոյի հետ: Նա ասել է, որ կառաջադրվի նախագահական ընտրություններում»,- ասել է Կլիչկոն՝ հավելելով, որ իր համար տարօրինակ էր այդ մասին լսել:
«Ինձ համար անսպասելի էր, որ Յուլյա Տիմոշենկոն առաջադրվելու է նախագահի պաշտոնում, քանի որ նա այդ մասին ոչ մի տեղ չի հայտարարել, իսկ ինձ հետ զրույցում հաստատեց»,- ընդգծել է Կլիչկոն, ով ավելի վաղ հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին:
Կլիչկոն հույս է հայտնել, որ նախագահական մրցապայքարը կլինի ազնիվ և առանց վարչական ռեսուրսի օգտագործման: «Ես պատրաստ եմ առաջադրվել նախագահի պաշտոնում»,- հայտարարել է Կլիչկոն:










