Թուրքիայում բանտարկված հայ մտավորականն «աքսորվել» է այլ բանտ
Թուրքիայում երկու տարվա ազատազրկման դատապարտված հայ լրագրող, գրող Սևան Նիշանյանին տեղափոխել են Բուջայի փակ բանտ, որը նախորդից ավելի խիստ ռեժիմով է, գրում է CNN Turk-ը։
Ավելի շատ աքսորի նման բանտարկություն հիշեցնող տեղափոխության պատճառը բանտից Նիշանյանի գրած նամակն է եղել։
Բանտից գրած նամակը տեղադրվել էր nisanyan1.blogspot.com բլոգում, որտեղ հայ մտավորականը խոսել էր բանտի՝ Օքթայ անունով մի աշխատակցից։
Նիշանյանը նամակով տեղեկացրել էր, որ բանտի աշխատակիցը գողացել է իր կրեդիտային քարտը, և գողությունը բացահայտվել է։ Բանտի ղեկավարությունը ներքին խնդիրը հանրությանը ներկայացնող այս նամակի պատճառով էլ պատժել է Նիշանյանին։
Նամակի հրապարակումից հետո Նիշանյանի դեմ քննություն է սկսվել, ինչից հետո նա տեղափոխվել է խիստ ռեժիմի բանտ։
Հիշեցնենք, որ Նիշանյանն ազատազրկվել էր իր հողատարածքում անօրինական շինություն կառուցելու համար։ Հունվարի սկզբին Նիշանյանը հանձնվել էր և պատիժը կրում էր «բաց բանտում», որտեղից ժամանակ առ ժամանակ կարող էր տուն գնալ։










