Ընդդիմությունն ավելի համոզիչ լինելու համար պետք է «պուպուշ» խոսքեր ասի, հոգնել ենք «նավթալինային» ելույթներից. Է. Շարմազանով
Ընդդիմության հիմնական գործիքը խոսքն է, և ընդդիմությունը ավելի համոզիչ լինելու համար պետք է «պուպուշ» խոսքեր ներկայացնի, որպեսզի մի փոքր ավելի ազդեցիկ լինի:
ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո Tert.am-ի հարցին, թե քաղաքական թեժ գարուն սպասվո՞ւմ է, այսպիսի պատասխան տվեց ասյօր Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա ավելացրեց, թե քաղաքական գործիչները, մանավանդ ընդդիմադիր հատվածը, սիրում և նախընտրում է խոսել այնպիսի ածականներով, ինչպիսին օրինակ՝ «թեժ գարունն» է:
«Բնականաբար, դա իրենց գործն է: Ես դրան ըմբռնումով եմ մոտենում: Եթե «թեժ գարուն» ասելով նկատի ունեն, որ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց քաղաքական օրակարգը, լինեն դեբատներ, քննադատություն, ապա բոլոր ժողովրդավարական երկրներում նման պրակտիկա կա: Եթե թեժ գարուն ասելով նկատի ունեն միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնեն նրան, ինչի մասին այսօր խոսում են լուսանցքում հայտնված ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսը, ապա, իհա՛րկե, ոչ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս ասաց նաև, թե մարդիկ խոսում են իշխանափոխության մասին, սակայն իրենք արդեն հոգնել են յուրաքանչյուր գարնան կամ աշնան սկզբին լսել նմանատիպ «նավթալինային» ելույթները:
Իշխանափոխությունը, ըստ ՀՀԿ մամլո խոսնակի, բոլոր նորմալ երկրներում լինում է ընտրությունների միջոցով:
«Ընտրությունների ժամանակ որոշ քաղաքական թիմեր լռում էին. հասարակությունը փնտրում էր, իրենց չէր գտնում, ո՛չ միայն իրենց չէր գտնում, այլ նաև՝ ձա՛յնը չէր լսում: Դրա համար պետք է սպասել մինչև 2017 թվականը, բայց խիստ կասկածում եմ, որ մինչև 2017 թվականը այդ քաղաքական ուժերից հայտնի մի շարք գործիչներ մեր քաղաքական դաշտում կարող են ունենալ իրենց դերակատարումը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:










