Տուրչինովն Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել Ղրիմում իրավիճակի հարցով
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտնել է, որ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ՝ քննարկելու Ղրիմում ստեղծված իրավիճակը, նշում է Газета-ն՝ РИА-Новости-ին հղումով։
Հաղորդվում է, որ Ուկրաինան նաև պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ Ղրիմի հարցը քննարկելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Ղրիմում «Բելբեկ» (Սևաստոպոլ) և «Սիմֆերոպոլ» օդանավակայանները գրավել են ռուսական նավատորմի ստորաբաժանումները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ավակովը Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես ՌԴ-ի կողմից զինված ներխուժում և օկուպացում։
Մինչդեռ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը հերքել է օդանավակայանների շրջափակման գործում ներգրավվածությունը։










