Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունն անշրջելի է, իսկ եվրոինտեգրումը՝ տեսանելի ապագայում անհնարին. Լ. Տեր–Պետրոսյան (տեսանյութ)
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
18.06
Երթը հասավ Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ
Հանրահավաքի մասնակիցները երթով հասան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին, մոմավառություն անցկացրեցին:
Բազմաթիվ քաղաքացիների հետ ծաղիկներ դրեցին նաև Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բացի «Հայ ազգային կոնգրեսից», քաղաքական ուժերից երթին մասնակցում էին նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ:
Երթնը նախատեսված է ավարտել Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ: Այս պահին բազմության մի մասը դեռ չի մոտեցել պատվանդանին:
17.20
Հանրահավաքն ավարտվեց, մասնակիցները երթով շարժվում են դեպի Ալ. Մյասնիկյանի արձան
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո նրան մոտեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և սեղմեց նրա ձեռքը: Այնուհետև մեկնարկեց երթ «Ազատ, անկախ Հայաստան» կոչերով, դրոշներով, պաստառներով և թմբուկներով: Երթի մասնակիցները շարժվում են դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան:
Երթի համար այս պահին միակողմանի փակվել է Մաշտոցի պողոտան:
17.10
Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը այլևս անշրջելի է, իսկ եվրոինտեգրումը տեսանելի ապագայում՝ անհնարին. Լ. Տեր Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու հարցին ասաց, որ այն այլևս անշրջելի է։
«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը այլևս անշրջելի է, իսկ եվրոինտեգրումը տեսանելի ապագայում անհնարին: Ըստ այդմ` թե՛ Կոնգրեսը, թե՛ որևէ այլ քաղաքական ուժ իր հաշվարկները կատարելիս պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում արժանապատիվ իշխանությամբ հանդես գալու խնդրի առջև: ՀՀ առաջին Նախագահը նաև նշեց, որ այդ միության ընձեռած հնարավորությունները առավելագույնս պետք է ծառայեցնել մեր ազգային շահին, իսկ բացասական ազդեցությունը հասցնել նվազագույնի:
«Ահա սա է այսօր մեր խնդիրը , ուրիշ խնդիր չկա: Այստեղից ծագում է հաջորդ հարցը, թե արդյոք սա այն իշխանությունն է, որն ի վիճակի է իրագործելու այդ առաքելությունը: Եթե այս հրապարակում և դրանից դուրս գտնվի մեկը, որ ասի՝ այո՛, ես կզարմանամ մի քիչ: Այսպիսի առաքելություն իրագործելու համար սարգսյանական ռեժիմին պակասում է հենց ազգայնական գիտակցությունը»,-ասաց նա:
17.00
Իշխանությունը դարձել է երկրի լավագույն բիզնեսը. Ստեփան Դեմիրճյան
Իշխանություն լինելը այս երկրում դարձել է լավագույն բիզնեսը: Այս մասին հայտարարեց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ «Մարտի 1»–ի տարելիցին՝ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց.«Մարտի 1»-ի նման ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն»:
Ըստ ՀԺԿ ղեկավարի՝ «Մարտի 1-ի» էջն այն ժամանակ կփակվի, երբ սպանդի բոլոր կազմակերպիչները կանգնեն դատարանի առաջ, իսկ մինչև այս պահը որևէ մեկը դրա համար պատասխան չի տվել:
Ստեփան Դեմիրճյանը հավելեց, որ «Մարտի 1»–ը նաև կեղծած ընտրությունների հետևանքն է:
«Որևէ ընդդիմություն, նման բազմահազար հրապարակներ չէր կարող հավաքել, եթե վիրավորված չլիներ մարդկանց արժանապատվությունը»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը և հավելեց, որ եթե ժամանակին պատժվեին համապետական ընտրությունների զեղծարարներն ու կեղծարարները երկիրը չէր գնա ընտրությունները կեղծելու շղթայով:
Ստեփան Դեմիրճյանը նաև իր ողջույնի խոսքն ուղղեց քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք ակտիվորեն պայքարում են տրանսպորտի, «կուտակայինի» ու մյուս հիմնահարցերի համար, որոնք առաջացնում են երկրի քաղաքացիների հիմնական մասի դժգոհությունը:
16.49
Չեմ բացառում, որ 4 ուժերը դնեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր ելույթում նշեց, որ այսօր համեմատություններ են անցկացվում 2008թ-ի մարտի 1-ի և Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի միջև:
Նա նշեց, որ շատերն ասում են՝ մարտի 1-ին ժողովուրդը և ընդդիմությունը չկարողացան մինչև վերջ մնալ, սակայն իրականությունն այլ է. «Ժողովուրդը 2008-ին նույնքան հերոսաբար դրսևորեց իրեն: Ոստիկանությունը 3 անգամ գրոհեց ժողովրդի վրա, որից հետո լիովին ջախջախել էր, թողնելով ռեժիմին միայնակ ժողովրդի դեմ: Բայց դրանից հետո ռեժիմը հայտարարեց արտակարգ դրություն և ժողովրդի դեմ հանեց երկրի բանակը: Այդպես չեղավ Ուկրաինայում, ՀՀ իշխանություններին հաջողվեց այն ինչ չհաջողվեց Ուկրաինայի իշխանություններին»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանն ամփոփելով այս տարիների ընթացքում իրենց աշխատանքը և ներկաներին ներկայացրեց այն բոլոր հաջողությունները, որ ձեռք են բերել վարած քաղաքականության շնորհիվ:
«Երկրի հիմնական ուժերը՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ և այդ համագործակցության ձևաչափը թույլ է տալիս ժողովրդին հուզող հարցերի շուրջ Ազգային ժողովում հավաքել 44 անհրաժեշտ ձայներ ու պարտադրել օրակարգ ռեժիմին … Հերթի մեջ է Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը և չեմ բացառում, որ 4 ուժերի համագործակցության ձևաչափը դնի Սերժ Սարգսյանի պաշտոնանկնության հարցը»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանը նաև ընդգծեց, թե ակնհայտ է, որ Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունների և Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի պայքարի համակցումը ավելի խեղճ վիճակում է դնելու իշխանությանը:
«Այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում հանրության գրեթե բոլոր շերտերը՝ բժիշկներ, ուսուցիչներ, գյուղացիներ: Բոլորը հասկացել են, որ նա ձախողել է պետական կառավարումը և զբաղված է թալանով: Սարգսյանը իր նրա բարեկամական շրջապատի ագահության պատճառով կորցրել է խոշոր ձեռնարկատերերի աջակցությունը, որը եղել է հենարաններից մեկն է: Նրա Կառավարությունը գործում է փողահավաքի նոր սխեմայով՝ կուտակին վճարումներ, կարմիր գծեր, արագաչափեր, գազի ու էլեկտրականության բարձր գներ: Սա սեփական ժողովրդի քերթման սխեման է դարձել, որը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան հանդուրժենք այս ռեժիմը»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը և նշեց, որ ներկայիս իշխանությունները տապալվել են նաև այս բնագավառում և աշխարհաքաղաքական խոշորագույն կենտրոնները այլևս չեն սատարում նրանց ո՛չ ֆինանսապես, ո՛չ էլ քաղաքականապես:
«Նրանք այլևս չեն հանդուրժի ուժի կիրառումը հայ ժողովրդի ընդվզման դեմ: Այն, ինչ ասացի ոչ ենթադրություն է, ոչ էլ քաղաքական վերլուծություն, սա ինֆորմացիա է, որին տիրապետում ենք մեր դիվանագիտական շփումներից: Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք այսքան թույլ չի եղել: Ասում են՝ ոչ թե շարժումն է մեկուսացած, ինչպես նախկինում, այլ Սերժ Սարգսյանի ռեժիմը, և այսօր ստեղծվել են բոլոր նախադրյալները նրա հեռանալու գործընթացը սկսելու համար»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ Հայաստանում բոլորի համար եկել է կողմնորոշման պահը՝ բոլորը պետք է որոշեն՝ ժողովրդի հետ են, թե Սերժ Սարգսյանի: «Մի քանի նման հանրահավաք և Սերժ Սարգսյանին կուղարկենք պատմության գիրքը: Հանուն ազատության իրենց կյանքը տված հերոսների, մեր տասը եղբայրների՝ երդվենք, որ նրանց գործը հասցնելու ենք հաղթական ավարտին, և Հայաստանը դարձնելու ենք ազատ, ժողովրդավարական, բարեկեցիկ երկիր: Դժվար է գտնել նրանց հիշատակը հարգելու ավելի լավ ձև»,- ասաց նա և վանկարկեց՝ «Մի–ա–ցում»:
16.37
Ամբողջ փիլիսոփայությունն այն է, որ դուք պետք է վատ ապրեք, որ եթե դուք լավ ապրեք, դուք ձեզ մարդ կզգաք ու կուզեք դեմոկրատիա. Հրանտ Բագրատյան
Հանրահավաքին ներկա է նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով հանդես եկավ ելույթի խոսքով՝ անդրադառնալով երկրում առկա տնտեսական վիճակին։ Նրա ձեռքին էր Նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ-ի նախընտրական ծրագիրը, որը պարզելով՝ նա հայտարարեց, որ ոչ միայն «Ապահով Հայաստան» կարգախոսով իշխանությունները չեն կատարել իրենց դեռևս 2008թ-ի խոստումները, այլ դեռ մի բան էլ տնտեսական կյանքը հետընթաց է ապրել։
Ըստ Բագրատյանի՝ տարեկան ներդրումների ծավալը խոստացվածից 10 անգամ պակաս է, աշխատավարձերը կրկնապատկելու փոխարեն նվազեցրել են դրանք, դեռ դրան էլ գումարվել է 45% գնաճը։
Ըստ նախկին վարչապետի՝ 6 տարում Հայաստան է մտել 12,5 մլրդ դոլար, որից 8 մլրդը տրանսֆերտներից, բայց «դանայան տակառի նման» դրանց կեսը դուրս է եկել։
«Աղքատ երկիրն ի վիճակի չէ նույնիսկ օգնություն ստանալ, այնքան ենք աղքատ, որ մեզ օգնել հնարավոր չէ»,-ասաց նա։
Հրանտ Բագրատյանը նշեց, որ պակասել է նաև արտահանման ծավալները, քանի որ «սանիկներին, քավորներին ու խնամիներին» են դնում գործի։
Հրանտ Բագրատյանը նկատեց, որ պետք է փոխել իշխանությունը, կա՛մ էլ չդժգոհել այսօրվա իրավիճակից, իսկ դրսի ուժերի՝ մասնավորապես Ռուսաստանի դեպքում նա վստահ է, «Ռուսաստանը հեչ դեմ չէր լինի», որ որևէ մի ուժ փոխարիներ Հայաստանում գործող իշխանություններին ։ «Հեչ դեմ չէր լինի, մի՛ խաբնվեք»,-ասաց նա։
ՀԱԿ պատգամավորը նաև անդրադարձավ «Դ!ԵՄ ԵՄ» շարժմանը՝ անվանելով այն «պոզիտիվ շարժում։ Նա ներկայացրեց պարտադրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բացասական կողմերը։
«Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ասում են՝ վատ ենք անում, որ ձեր մասին մտածում ենք, չէ որ ժողովուրդը ծերանում է, այդպես ուրիշի մասին չեն մտածում»,- ասաց նա և շարունակեց. «Մենք մի հատ կուտակային վճարում ենք, անցյալ տարի այդ սոցիալական վճարները դարձրեցին եկամտահարկ՝ իբր պետական կենսաթոշակային հիմնադրամ, հիմա էլ ասում են, որ մի հատ էլ տոկոս տվեք, որը մասնավոր հաշվի վրա են նստեցնում։ Դեռ մի հատ էլ ասում են՝ ձեր տվածի վրա 5 էլ մենք ենք դնում, բայց դա որտեղի՞ց իրենց, դա էլ մեր հարկերից է չէ ՞, եղավ 15%։ Այ ձեր տված բարեկեցիկ ծերությունը ձեզ մնա»,-ասաց նա։
Այսքանից հետո նա նշեց, որ դեռ մի բան էլ ԱՄՆ դեսպանը ասում է, որ դա լավագույնն է։ «Տո ձեր գլխին կպնի, լավագույնն ա, գնացեք դասախոսություն կարդացեք»,-ասաց նա և նշեց, որ համակարգը «իրականությանը չհամապատասխանող ախմախություն է»։
«Լսե՛ք, էսպես չի կարելի վարվել, ի՞նչ եք ուզում»,- հարցրեց նա և նշեց, որ հիմա էլ բյուջե լցնելու համար դրոշմապիտակներ են սկսել կպցնել, որի հերթը հյութերից ու խմիչքներից հասել է ուտելիքին։
«Որևէ կերպ հնարավոր չէ սա փոխել, փա՛ռք Աստծո ունենք որակյալ ընդդիմություն, բայց մեզ լավագույն դեպքում հաջողվում է վատ օրենքը մի քիչ ավելի վատը դարձնել, ուրիշ ոչինչ։ Ամբողջ էությունը կախված է ճզմելու, գռփելու վրա և ամբողջ փիլիսոփայությունը նա է, որ դուք պետք է վատ ապրեք, որ դուք լավ ապրեք, դուք ձեզ մարդ կզգաք, իսկ եթե դուք ձեզ լավ զգաք, դուք կուզեք դեմոկրատիա, կուզեք ընտրություն, ազատ խոսք, դա անհնարին է, ուրիշ բան չկա, ոչ ոք ժողովրդի մասին չի մտածում»,-ասաց նա։
16.08
Իշխանություններն իրենց դրել են փրկչի տեղ, որ մի 35 տարի հետո լավ է լինելու. Վահագն խաչատրյան
Իշխանությունները սկսել են հանդես գալ մի նոր կերպարով՝ «փրկչի» և ձևացնում են, թե գիշեր-ցերեկ մտածում են ՀՀ քաղաքացիների մասին, և նրանցից լավագույն մասնագետը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Այս մասին Ազատության հրապարակից հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա, խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին, հավելեց.«Հետո կանխատեսումներ են անում, որ 35 տարի հետո լավ է լինելու»:
Սա, ըստ Վահագն Խաչատրյանի, ոչ այլ ինչ է, քան սովորական գրպանահատություն ։ Նրա խոսքով՝ իշխանությունը, փոխանակ անսալու իրենց բերած փաստարկներին, զիջելու, գնալով կոշտացնում է իր դիրքորոշումը:
«Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է, բայց մենք մեկ է՝ գնալու ենք այդ ճանապարհով, ինչպես ընտրությունների լեզվով ասած՝ ինչքան պետք է, այսքան էլ «կխփեն»՝ 80 տոկոս»:
Վահագն Խաչատրյանը կոչ արեց, որ իշխանությունները հանգիստ թողնեն բիզնեսը, դադարեցնեն հարկային թալանը, որ մարդիկ զգան, վայելեն ազատության բերկրանքը: Բայց սա, Վահագն խաչատրյանի խոսքով՝ այսօրվա իշխանության համար անընդունելի ճանապարհ է:
«Բայց դե իրենք հավերժ չեն, և այն ինչ արեցին վեց տարի առաջ՝ մարտի 1-ին, կյանքը ցույց տվեց, որ դա էլ չփրկեց իրենց»,– ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը՝ առաջարկելով, որ ՀՀ քաղաքացու առաքելությունը պետք է լինի պարտադրելը, իր խոսքով՝ «իրեն սպառած, վտանգավոր դարձած, զարգացման որևէ հեռանկար չունեցող» ՀՀ իշխանություններից:
Վահագն Խաչատրյանը, չանդրադառնալով 2002- 2011 թթ. Հայաստանից անօրինակ ճանապարհով դուրս բերված ֆինանսներին, ինչը կազմում է 6.2 միլիարդ դոլար, ավելացրեց, որ դրա զգալի մասը՝ 5 միլիարդը դուրս է բերվել 2007-2011 թթ:
Քանի դեռ չեն պատժվել «Մարտի 1» –ի կազմակերպիչները, հրապարակն այսքան լիքն է լինելու. Լյուդմիլա Սարգսյան
Հաջորդ ելույթը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանինն էր, ով նշեց, որ ուրախ կլիներ բոլորին ողջունել գարնան առաջին օրվա առթիվ, սակայն 2008թ-ի մարտի 1-ից այն իր իմաստը կորցրել է:
«Վեց տարի է մարտի 1-ը կորստի, ողբերգության օր է դարձել: Եթե այս հրապարակը այսքան մարդաշատ է, նշանակում է մարտի 1-ի էջը փակված չէ ու չի կարող լինել, որքան էլ իշխանությունը ձգտի»,– ասաց նա:
«Քանի դեռ չեն պատժվել ողբերգության կազմակերպիչները, հրապարակն այդքան լիքն է լինելու ու ըմբոստ: Բազմաթիվ փորձեր ենք արել իշխանությանը ուշիմության կոչ անելու և հասկացնելու, որ միևնույնն է՝ «Մարտի 1»-ի հանցագործներին պետք է գտնել, իսկ մենք նրանց տեղը լավ գիտենք, բայց դիմադրությունը մեծ է, որովհետև ոչ մի հանցագործ չի օժանդակում իր հանցագործության բացահայտմանը»,- ասաց նա:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իշխանությունն այնքան անգիտակից է, որ չի հասկանում՝ բռնազավթումից հետո պետք է մի փոքր իրեն արդարացներ, գնար բարեփոխումների, ինքնամաքրման ճանապարհով:
«Նրանք պատասխան են տալու արտագաղթի, սոցիալական ծանր վիճակի, ընչազրկության համար, այդ պատասխանն էլ դուք եք պահանջելու: Այսօր Թուրքիայից պահանջում են ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց իրենք իրենց մեղքը չեն ընդունում»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ հրապարակում տեսնում է բազմաթիվ կուսակցությունների ղեկավարների ու անդամների դեմքեր, ինչն ուրախացնում է:
«Ուզում եմ ձեզ ասել, որ իշխանությանը վախեցնում է մեր միասնականությունը, որովհետև այդ պարագայում նրանք չեն կարող մեզ ջարդել: Ոչ ոք չի կարող հաղթել ժողովրդի միասնական կամքին և կոչ եմ անում միավորվել, դնել խնդիրներ ու հասնել հաղթանակի»,-ասաց նա:
15.40
Հայաստանի դաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում հրաժարվել անջատ ընդվզումներից և սկսել համազգային մոբիլիզացիա
Ազատամարտիկների անունից ելույթ ունեցավ Խաչիկ Ավետիսյանը, ով կոչ արեց բոլոր քաղաքական ու քաղաքացիական միավորումներին համախմբվել՝ համաժողովրդական խաղաղ ապստամբություն իրականացնելու համար։
«Այլևս այսպես շարունակվել չի կարելի։ Մյուս կողմից անցումը պետք է լինի առանց ցնցումների ու արյան։ Ցանկանալով կանխարգելել նման զարգացումները՝ Հայաստանի դաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում հրաժարվել առանձին, անջատ ընդվզումներից և սկսել համազգային մոբիլիզացիա, համաժողովրդական խաղաղ ապստամբություն իրականացնելու համար»,- հայտարարեց նա։
Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ ապօրինի բռնազավթած իշխանությունը ժողովրդին վերադարձնելը չի կարելի անվանել հեղաշրջում և իրենց կոչը լիովին տեղավորվում է սահմանական և միջազգային նորմերի պահանջների շրջանակներում։
«Հանուն ապագայի միավորվե՛ք և թոթափե՛ք իշխանությունների լուծը»,- նշեց նա և առանձին դիմեց ուժային կառույցներում ընդգրկված իրենց «եղբայր ազատամարտիկներին», որ հիշեն, թե ում դեմ են կռվել և ինչ ունեն այսօր։
Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ սպասել չի կարելի և պետք է ձևավորել ժողովրդի վստահության Կառավարություն։ «Այսօր սկսում ենք պայքար, որը որոշիչ է լինելու աշխարհով սփռված յուրաքանչյուր հայի համար»,-նշեց նա։
15.24
Մարտի 1-ի հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ «Մարտի 1»-ի բոլոր տասը զոհեր հիշատակը հարգելով, և նրանց անուն առ անուն հիշատակելով:
«Բոլոր զոհերը զոհվել են խաղաղության ճանապարհին»,- հայտարարեց նիստը վարող ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով տեղեկացրեց, որ այսօր Ազատության հրապարակում են բոլոր տասը զոհերի հարազատները։
Ապա խոսքը տրվեց «Մարտի 1»-ին զոհված Սամվել Հարությունյանի հայր Էդիկ Հարությունյանին, ով հայտարարեց, որ գործող իշխանությունները վիրավորում են «Մարտի 1»-ի զոհերին։
«Ես նրանց չեմ հավատում, և մեր ժողովուրդը նրանց չի վստահում»,- հայտարարեց զոհվածի հայրը:
Շարքերից վանկարկեցին՝ «այո»:
Ազատության հրապարակում մեկնարկել է «Մարտի 1»-ի 6-րդ տարելիցին նվիրված հանրահավաքը, որը կազմակերպել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։
Հանրահավաքին ելույթ է ունենալու նաև ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հանրահավաքին մասնակցելու մասին նախապես հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ կմասնակցեն ակցիային։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ էին դրել Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ, որից հետո նրանց մի մասը երթով շարժվել էր դեպի նախագահական նստավայր։










