Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանությունում

20:25 • 01.03.14

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր այցելել է Ճանապարհային ոստիկանություն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ:
 

Մինչ այդ, ծանոթանալով տեսանկարահանման միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման բաժանմունքի աշխատանքին, Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններից պահանջել է առավելագույն սկզբունքայնություն` երթևեկության վերահսկման գործում:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության կարգավորման, դպրոցամերձ տարածքներում և կանգառներում ծառայության ուժեղացման, փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների համակարգի թարմացման ու ամբողջացման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության խորացման և մի շարք այլ հարցեր:


Ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ է տվել աշխատանքում իրենց տրանսպորտն օգտագործող գյուղացիների հանդեպ հատուկ վերաբերմունքի, շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկը վերահսկելու, մեքենաների կայանման կանոնների պահպանումը խստացնելու վերաբերյալ:


Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով տարիներ շարունակ օրինական կերպով չփաստաթղթավորված տրանսպորտային միջոցների ցավոտ հիմնախնդրին, հրահանգել է այդ հարցում օգնել քաղաքացիներին և նրանց ազատել ավելորդ քաշքշուկներից:


Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը եղել է ճանապարհային երթևեկության տեսադիտարկման կենտրոնում, ծանոթացել աշխատանքի ընթացքին, մասնագետների հետ քննարկեց դիտարկումն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունները: