Կանխվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակի ներկրումը Հայաստան

13:15 • 01.03.14

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կանխել է 3կգ «կոկաին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն, այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 


Մաքսանենգը Իտալիայի քաղաքացի է, ով թմրամիջոցի խոշոր խմբաքանակը տարանցիկ փոխադրմամբ Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել է Հայաստան:

 


ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի խոսքերով՝ հայտնաբերված 3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցը դեռևս աննախադեպ քանակ է մնում Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում:

 


«Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաև «թանկարժեք» բեռ ունի` հատուկ պատրաստված թաքստոցում:

 

Ըստ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության մաքսային տեսուչ Մուշեղ Մանվելյանի՝ թաքստոցներից մեկը ճամպրուկում նախապես պատրաստված կրկնակի հատակն էր, մյուսը` դյուրակիր համակարգչի պայուսակի միջնապատը. «Իսկ կասկածելի փոշենման զանգվածով լեցուն պոլիէթիլենային տոպրակները պատված էին հատուկ նյութով»:

 

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կասկածները հիմնավորելու նպատակով նշված զանգվածը ուղարկվել է Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ այն որակավորվել է որպես «կոկաին» տեսակի թմրանյութ: Աննախադեպ այս դեպքի բացահայտման նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը համագործակցել է նաև Ազգային անվտանգության ծառայության հետ:

 

Մաքսային հսկողության նորագույն լուծումների անընդհատ կիրառմանը, տեխնիկական վերազինմանը զուգընթաց վարչությունում մաքսանենգության դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով կարևորվում է նաև մարդկային գործոնը. այս խոշոր փորձը կանխվել է հենց անձնակազմի պրոֆեսիոնալ թիմի զգոնության շնորհիվ, վստահեցնում է վարչության պետ Սամվել Սանամյանը:

 

Նշենք, որ իտալացի Դի Սիմոնե Վալերիանոն առաջին անգամ է մեր երկրում և իր իսկ խոստովանությամբ՝ ճամփորդության վերջին կանգառը հենց Հայաստանն էր: «Մեր ունեցած տվյալներով, մաքսանենգը պետք է կանգ առներ երևանյան հյուրանոցներից մեկում, որտեղ նրա համար սենյակ էր ամրագրել իսպանական մի ընկերություն»,-նշել է վարչության պետ Սամվել Սանամյանը:

 

Ի դեպ, մաքսանենգի հայտարարության համաձայն, 3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցի արժեքը կազմում է շուրջ 1,5մլն դոլար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: