Ինչո՞ւ Յանուկովիչին թաքցրիք ՌԴ-ում, արդար մարդը հանցագործին չէր թաքցնի. Անդրեյ Մակարևիչը՝ ՌԴ իշխանություններին
Ռուսաստանցի հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարևիչը հանդես է եկել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի պրոպագանդայի և քայլերի քննադատությամբ: Uainfo.org-ում իր հրապարակման մեջ նա ասում է, որ մտահոգված է Ուկրաինայի զարգացումներով: Սակայն ավելի շատ նրանով, ինչ Ուկրաինայի առնչությամբ տեղի է ունենում Ռուսաստանում:
Մակարևիչն ասում է, որ չի սիրում հեղափոխություններ, բայց Ուկրաինայում հենց ամենասովորական հեղափոխություն է տեղի ունեցել, և նա չի կարող դա անարդարացի անվանել. «երբ ղեկավարությունը չի լսում իր ժողովրդին ու բռնաբարում է նրան, ժողովուրդը քշում է այդ իշխանությանը»:
Նա նողկալի է անվանել ռուսական պրոպագանդան ու հեղափոխությունը պիտակավորելու փորձերը: Մակարևիչն ասում է, որ այդքան սանձարձակ քարոզչություն ու սուտ չի հիշում բրեժնևյան ժամանակներից:
Հաջորդիվ նա հարցադրում է անում, թե դրանով ինչ են ուզում ռուսաստանյան իշխանությունները. «արդյո՞ք հասարակական կարծիք նախապատրաստել` ինքնիշխան պետության տարածք զորք մտցնելու, Ղրիմը ճանկելու համար»: Մակարևիչը նկատում է, որ եթե պատերազմ են ուզում, ինչպես Աբխազիայի դեպքում, ապա չի ստացվի, քանի որ ուկրաինացիներն արդեն կոփվել են Մայդանում: Նա արձանագրում է, որ արդեն հաջողվել է զոմբիացնել բավականին մեծ թվով ապուշների և անկայուն հոգեկան աշխարհով տգետների:
Մակարևիչը հիշում է, որ Չեխոսլովակիա խորհրդային զորքեր մտցնելիս իշխանությունները ևս չէին խորհրդակցում ժողովրդի հետ: Արդյունքը եղավ այն, որ խայտառակ եղան աշխարհով մեկ:
Նա կոչ է անում հիշել, որ ռուսաստանցի և ուկրաինացի ժողովուրդներն այս ամենից հետո էլ շարունակելու են հարևանությամբ ապրել: Եվ լավ կլինի, որ նրանք բարեկամներ մնան:
Վերջում նա հարցադրում է անում, թե ինչու է Ռուսաստանը թաքցրել Վիկտոր Յանուկովիչին` նշելով, որ արդարը գողին ու հանցագործին չէր թաքցնի: Հայտնի երաժիշտը հարցնում է, թե ինչու է Ռուսաստանն ինքն իրեն խայտառակում մարդկության առաջ:
Միաժամանակ, նրա կարծիքով, այն, ինչ արվել է Ուկրաինայում ռուսաց լեզվի և հուշարձանների ապամոնտաժման հետ, հիմարություն էր:










