Ինչ դասեր են քաղել իշխանությունն ու ընդդիմությունը «Մարտի 1»-ից 6 տարի անց. կարծիքներ

09:00 • 01.03.14

Մարտի 1-ի տեսարանները պատկերող լուսանկարները՝ http://reporterarm.wordpress.com/–ի



2008թ. մարտի 1-ի դեպքերից 6 տարի անց՝ ոչ մեկը դասեր չքաղեց տեղի ունեցածից. ավելին, «Մարտի 1»-ը բացարձակապես շահարկվում է ընդդիմության կողմից: Tert.am-ի հետ զրույցում գնահատական տալով այս տարիների ընթացքում հայաստանյան իշխանության և ընդդիմության գործողություններին՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ասաց, թե ընդհանրապես Հայաստանի ընդդիմության պահվածքը 1991թ.-ից հետո՝ դասական ընդդիմության պահվածք չէ:


«Տարբեր, անկապ դաշնություններ ստեղծելով, ընդհուպ՝ գաղափարախոսությունը փոխելով ընդդիմություն չի լինում, առավել ևս, որ մեր ընդդիմության ճնշող մեծամասնությունը, պայմանական ասած, երկու րոպե առաջ իշխանություններ էին»,-ասաց Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, թե վերջիններս իրենց իշխանավարման ժամանակ ունենին շատ հնարավորություններ՝ անելու այն, ինչ հիմա պահանջում են որպես ընդդիմություն:


«Ժողովուրդն արդեն երկուսից էլ հոգնել է՝ թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, բոլորս էլ դա նկատում ենք»,-ասաց նա:


Փորձագետի կարծիքով՝ իշխանությունը տեղի ունեցածից դասեր քաղել է. նա որպես օրինակ նշեց այն, որ վերջին մի քանի տարիների ընթացքում իրավապահ մարմինների պահվածքը զանգվածային միջոցառումների ժամանակ արտաքնապես փոխվել է: «Նրանք իրենց անհամեմատ զսպված են պահում»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:


Քաղաքագետ Մանվել Սարգսյանի գնահատականով՝ այն պահվածքը, որը 2008 թ. մարտի 1-ից հետո ցույց է տվել գործող Նախագահ Սերժ Սարգսյանի վարչակարգ, ինչ-որ տեղ թույլ է տալիս ենթադրել, որ, իհարկե՛, իրենք լավ են հասկացել, որ չի կարելի քաղաքական դաշտում վակուում ստեղծել:


«2007 թ. Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանը գրեթե լրիվ վերցրին՝ մնացած կուսակցություններին թողնելով դրսում: Շատ գոհ կանգնեցին դատարկված քաղաքական դաշտի առջև, կոալիցիա ստեղծեցին, 2008թ. «ջան-ջիգյարով» փորձեցին գնալ ընտրությունների: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Հայաստանում: Նման վակուումը հատկություն ունի շատ շուտ քաղաքական պայթյունի գալ, և այդպես էլ եղավ»,- ասաց քաղաքագետը։


Մանվել Սարգսյանի համոզմամբ՝ 2008 թ. մարտի 1-ը հիմնականում հենց այդ իրավիճակը չգիտակցելու հետևանք էր:


«Դրանից հետո ես նկատեցի, որ Սերժ Սարգսյանն արդեն ուրիշ ձևով էր իրեն պահում: Սկսեց տեր կանգել ընդդիմադիր ընտրազանգվածի դաշտին։ «Բարգավաճ Հայաստանի» միջոցով փորձեց իրենով անել ընդդիմադիր դաշտը, և այս ամբողջ տարիների ընթացքում դրանով էր փորձ արվում թույլ չտալ, որ վակուում ստեղծվի, և նա ամեն կերպ կարողանում է ամբողջ ընտրազանգվածն իր հսկողության տակ պահել»,- նշեց նա՝ շարունակելով, թե այս ամենը ցույց է տալիս, որ, իհա՛րկե, իշխանությունները դաս քաղել են, բայց դաս՝ իրենց համար, այլ ոչ՝ ժողովրդի:


«2012-2013 թթ. ընտրություններին տեսանք, թե ոնց էր «Բարգավաճ Հայաստանի» միջոցով նորից մեկուսացվում ամեն ինչ, և մնացած կուսակցությունները հայտնվում էին լուսանցքային դաշտում: Մինչ այժմ էլ դա շարունակվում է: Չորս կուսակցությունների՝ ոչ իշխանական տերմինի տակ միավորումը նույն բանն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցով լրիվ վերահսկողության տակ են պահում մյուս կուսակցություններին»,- կարծիք հայտնեց Մանվել Սարգսյանը:


Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի համոզմամբ, 2008 թ. մարտի 1-ի դեպքերից, նախևառաջ, պետք է որ իշխանությունները դասեր քաղեին, իսկ դաս քաղելու լավագույն ապացույցն այն կլիներ, որ հանցագործությունը բացահայտվեր:


«Բայց քանի որ հանցագործությունը չի բացահայտվել, նշանակում է, որ իշխանությունները դասեր չեն քաղել դրանից»,- ասաց Արմեն Բադալյանը՝ նշելով, թե իր համար անհասկանալի է, թե ընդդիմությունն ինչ դասեր պետք է քաղեր, քանի որ ընդդիմությունը պայքարում էր իր սահմանադրական իրավունքների համար, պաշտպանում էր այն մարդկանց ձայները, որոնք որ ինքը ստացել էր, սակայն իշխանությունների կողմից դրանք «չեզոքացվել» էին:


«Կարող եմ ասել, որ իշխանությունները դաս չքաղեցին, իսկ ընդդիմությունը դասեր չունի քաղելու»,- եզրակացրեց Արմեն Բադալյանը։