Ղրիմի իշխանությունները Պուտինին խնդրել են խաղաղություն հաստատել

10:40 • 01.03.14

Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Ակսենովը, ով նշանակվել էր այդ պաշտոնում փետրվարի 27-ին, այսօր առավոտյան արտակարգ հաղորդագրությամբ է հանդես եկել։ Նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել ինքնավար հանրապետության տարածքում խաղաղության և հանգստության հաստատմանը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Բացի այդ, Ակսենովը հայտարարել է, որ ժամանակավորապես իրեն է վերապահում Ղրիմի բոլոր ուժային կառույցների՝ ՆԳՆ-ի, Զինված ուժերի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության, նավատորմի, հարկային և սահմանապահ ծառայությունների վերահսկողությունը։

 

Ակսենովի դիմումը մասամբ հեռարձակվել է «Россия 24» հեռուստաընկերության եթերում։

 

«Բոլոր հրամանատարները կկատարեն միայն իմ հրամաններն ու հրահանգները։ Չհամաձայնողներին կխնդրեի դադարեցնել ծառայությունը»,- հայտարարել է Ակսենովը։

 

Ի դեպ, Ղրիմի Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվել է «Բերկուտ» հասարակական կարգի պահպանման հատուկ ջոկատ, որը կենթարկվի միայն տեղի իշխանություններին։