ՌԴ-ն անուշադրության չի մատնի Ղրիմի կառավարության օգնության խնդրանքը
Ռուսաստանի Դաշնությունն առանց ուշադրության չի թողնի Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովի դիմումը ՌԴ-ի նախագահին՝ ինքնավար հանրապետության տարածքում խաղաղություն հաստատելու վերաբերյալ. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Կրեմլի վարչակազմը։
«Ռուսաստանն անուշադրության չի մատնի այդ դիմումը»,-ասել են ՌԴ նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Ակսենովը, ով նշանակվել էր այդ պաշտոնում փետրվարի 27-ին, այսօր առավոտյան արտակարգ հաղորդագրությամբ է հանդես եկել։ Նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել ինքնավար հանրապետության տարածքում խաղաղության և հանգստության հաստատմանը։
Ուկրաինայում իշխանափոխությունը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ։ Փետրվարի 22-ին Գերագույն ռադան Յանուկովիչին զրկել էր իշխանությունից, փոխել սահմանադրությունն ու նախագահի պաշտոնակատար էր նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին և արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել մայիսի 25-ին։










