Ռուս գործընկերներ, վե՛րջ տվեք Ուկրաինայում քաղաքացիական և ռազմական դիմակայություն հրահրելուն. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է անում Ռուսաստանին քաղաքացիական և ռազմական դիմակայություն չհրահրել Ուկրաինայում, հայտնում է korrespondent.net-ը։
«Մենք պահանջում ենք ՌԴ իշխանություններից հետ կանչել իրենց զորքերը (Ղրիմից- Tert.am)։ Ռուս գործընկերներ, վե՛րջ տվեք Ուկրաինայում քաղաքացիական և ռազմական դիմակայություն հրահրելուն»,-ասել է նա՝ մարտի մեկին կառավարության նիստը բացելով։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի տրվի սադրանքներին և չի դիմի ուժային մեթոդների։
Պաշտոնյան նշել է, որ Ղրիմում ռուս զինծառայողների ներկայությունը ՌԴ Սևծովյան նավատորմի մասին ռուս- ուկրաինական համաձայնագրի խախտում է։
«Այժմ ռուս զինծառայողների ոչ ադեկվատ ներկայությունն ինքնավարությունում ոչ այլ ինչ է, քան սադրանք»,- ասել է նա։
Ուկրաինայում իշխանափոխությունը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ։ Փետրվարի 22-ին Գերագույն ռադան Յանուկովիչին զրկել էր իշխանությունից, փոխել սահմանադրությունն ու նախագահի պաշտոնակատար էր նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին և արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել մայիսի 25-ին։
Ղրիմում ոչ բոլորն են ողջունում իշխանափոխությունը։ Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Ակսենովը, ով նշանակվել էր այդ պաշտոնում փետրվարի 27-ին, այսօր առավոտյան արտակարգ հաղորդագրությամբ է հանդես եկել։ Նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել ինքնավար հանրապետության տարածքում խաղաղության և հանգստության հաստատմանը։
Ռուսաստանի Դաշնությունն արդեն արձագանքել է՝ ասելով, որ առանց ուշադրության չի թողնի Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովի դիմումը։










