Մի խումբ ակտիվիստներ այցելել են Գառնի և տեղափոխել իրականացվող շինարարության ավազը (լուսանկարներ)

13:51 • 02.03.14

Մի խումբ երիտասարդներ այսօր Երևանից այցելել են Գառնիի հեթանոսական տաճար, որի հարևանությամբ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ սրճարան է կառուցվում։ Ի նշան իրենց բողոքի՝ երիտասարդները շինարարական ավազը տոպրակներով վերցրել, տեղափոխել են մի քանի մետր այն կողմ՝ հասկացնելով, որ արգելոցի տարածքում ոչ մի շինարարություն չի կարող լինել:


Այս մասին Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ակտիվիստներին միացած Արորդաց ուխտի հետնորդ, Քուրմ Վարուժ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ միջոցառումն անցել է կարգուկանոնով, ոչ ոք չի խոչընդոտել երիտասարդների ակցիային, ավելին՝ գառնեցիները նույնպես միացել են նրանց:


«Շինարարությունն այս պահին 5 օրով դադարեցվել է. երեկ Գառնիի հեթանոսական տաճար է եկել Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ու տեղեկացրել, որ առայժմ 5 օրով դադարեցվում է շինարարությունը»,-ասաց Քուրմ Վարուժը:


Հարցին, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ Քուրբ Վարուժ Աղաջանյանը պատասխանեց, թե սպասելու են, թե 5 օր հետո ինչ որոշում է կայացվելու, դրանից հետո արդեն իրենք կտան համարժեք պատասխան:

 

լուսանկարները՝ Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից