Պուտինն իրեն պահում է այնպես, ինչպես Հիտլերը. Չեխիայի արտգործնախարար
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Կարել Շվարցենբերգը համեմատել է Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները Ադոլֆ Հիտլերի` Ավստրիայի ֆաշիստական օկուպացման (Անշլյուս) հետ, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով УНН գործակալությանը:
«Երբ անցած դարի երեսունականներին Ադոլֆ Հիտլերը ցանկանում էր գրավել մի երկիր, նա միշտ հայտարարում էր, որ պաշտպանելու է տեղի գերմանացիներին: Խոսքը Ավստրիայի ֆաշիստական օկուպացման (Անշլյուսի), մեր սահմանամերձ հողերի գրավման և Լեհաստանի վրա հարձակման մասին է»,- նշել է դիվանագետը:
Նա հավելել է, որ համանման փաստարկ է օգտագործում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի դեպքում:
«Միանգամայն հստակ է, որ խոսքը ռուս քաղաքացիների պաշտպանության մասին է, որոնց վրա ոչ մեկ չի հարձակվում և որոնք գտնվում են լիակատար անվտանգության մեջ: Նրանք հավաքվել են, Ռուսաստանի համար ցույցեր են անցկացրել և օգտվել են բոլոր ազատություններից»,- նշել է Շվարցենբերգը:










