ԲՀԿ-ն պետք է վերջնականապես որոշի՝ իրական ընդդիմությո՞ւն է դառնում, թե էլի գնում է իշխանությունների մոտ. Ռ. Կիրակոսյան
«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ի պատասխան հարցի, թե ինչ դաս է քաղել Հայաստանը «Մարտի 1–ից», ասում է, որ դասերը շատ են, և որ իշխանությունների համար շատ կարևոր պետք է լինի այն, որ շատ վտանգավոր է հասարակության՝ փոփոխությունների մասին պահանջն արհամարհելը: Իսկ ընդդիմության համար դասն այն է, որ նա պետք է ուղղակի փոխվի։ Ըստ քաղաքագետի՝ կյանքը ցույց է տալիս, որ հին ընդդիմությունը, հին ընդդիմության ժամանակն ուղղակի անցել է, և մարդիկ փոփոխությունների կարիք ունեն: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» կոնկրետ քայլ պետք է անի:
-Պարոն Կիրակոսյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ դասեր է քաղել իշխանությունը «Մարտի 1»-ից:
-Դասերը շատ են, բայց հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք մենք այդ դասերը սովորել ենք: Իսկ Կառավարության, իշխանության համար այդ դասը շատ կարևոր պետք է լինի, այն է, որ շատ վտանգավոր է հասարակության՝ փոփոխությունների մասին պահանջն արհամարհելը: Իսկ ընդդիմության համար դասն այն է, որ պետք է ուղղակի փոխվի։ Կյանքը ցույց է տալիս, որ հին ընդդիմությունը, հին ընդդիմության ժամանակն ուղղակի անցել է, և մարդիկ փոփոխությունների կարիք ունեն: Սա մարտահրավեր է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության համար. այն պետք է փոխի մարտավարությունը և դրա վերաբերյալ ռազմավարություն մշակի: Ինչ վերաբերում է «Մարտի 1–ին», ապա այն Հայոց պատմության մեջ սև խարան է: Եվ ցավալին այն է, որ մնացել է առանց հետևանքների:
-Կարծում եք՝ իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ կա փոփոխությունների կարիք , պահանջարկ հասարակության ներսում և արդյո՞ք նրանք կգնան այդ փոփոխություններին:
-Այո, և իրականում այսպես ասած՝ բարեփոխումներ կան, բայց դրանք կամ սխալ ուղղությամբ են գնում, կամ ՝շատ դանդաղ են: Այսինքն՝ բարեփոխումների մասին իմ ասածը և «փոփոխություններ» ասածը նաև նեգատիվ իմաստը ունի, ինչպես օրինակ՝ Մաքսային միությունը:
-ԲՀԿ-ն, որը եղել է իշխանության մեջ, այսօր նույնպես բարձրաձայնում է այն մասին , որ մարտիկյան իրադարձությունները պետք է բացահայտվեն, ինչի առիթով նույնիսկ խորհրդարանում հեգնանքով նկատեցին, թե միգուցե Քոչարյա՞նն էլ գա Ազատության հրապարակ և բացահայտում պահանջի:
-Մարտի մեկի պատասխանատվությունը հիմնականում ընկած է Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց միևնույն ժամանակ՝ համակարգում եղած շատերի վրա: Բայց «Բարգավաճ Հայաստանը» պետք է շատ ավելին անի, որպեսզի իրեն ավելի լուրջ ընդունեն:
-Օրինակ՝ կոնկրետ ի՞նչ քայլեր անի:
-Նրանք պետք է վերջնականապես որոշեն՝ իրական ընդդիմություն դառնո՞ւմ են, թե՞ էլի գնում են իշխանությունների մոտ:
- Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե Գագիկ Ծառուկյանը ինչո՞վ է պակաս Բիձինա Իվանիշվիլիից։ Վրացական սցենարը հնարավո՞ր է, բայց այն դեպքում, երբ խոսվում է, որ «Բարգավաճի» հետևում Քոչարյանն է կանգնած:
-Այո, և դա շատ վտանգավոր բան է։
- Հայաստանում Մայդան հնարավո՞ր է:
-Ուկրաինան շատ տարբեր է Հայաստանից, բայց մենք էլ կարող ենք այնտեղից դասեր քաղել: Ուկրաինայի քաղաքացիները ոտքի կանգնեցին և պայքարեցին իրենց իրավունքների և անկախության համար:Մենք դա տեսնում ենք նաև Հայաստանում, բայց դրա սկիզբը միայն: Դա պետք է ավարտուն լինի:
-Ռուսաստանը, ըստ Ձեզ, կմեղմացնի՞ իր դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ ուկրաինական իրադարձություններից հետո:
-Հայաստանի իշխանությունների հիմնական խնդիրն այն է, որ նրանք շատ են մտածում, թե ի՞նչ կմտածի Մոսկվան, ի՞նչ կանի այս կամ այն պարագայում՝ իրեն դնելով կախվածության մեջ: Մենք պետք է որոշումներ կայացնենք՝ ելնելով Հայաստանի շահերից:
-Վարչապետը 4 կետերով փորձեց բացատրել, թե ինչու է անհնար Մայդանը Հայաստանում: Մասնավորապես, որ մեր ժողովուրդը Ռուսաստանին ու ՄՄ-ին դեմ չէ:
-Ես Հայաստանի վարչապետին չեմ լսում ընդհանրապես, հատկապես իր գործողություններից հետո՝ անմիջապես Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո:










