Ուկրաինայի արդարադատության նախարարությունը ոչ լեգիտիմ է ճանաչել Ղրիմում և Դոնեցկում հանրաքվեներ անցկացնելու որոշումը
Սերգեյ Աքսյոնովին Ղրիմի Ինքնավար Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ նշանակելու որոշումը, ինչպես նաև Դոնեցկի քաղաքային խորհրդի որոշումը Դոնբասի հետագա ճակատագրի մասին, Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու և ինքնավարության կառավարության հրաժարականի մասին որոշումները լեգիտիմ չեն: Դա հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Այդ մասին УНИАН-ին հայտնել են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում:
«Այդ բոլոր որոշումները կայացվել են Ուկրաինայի սահմանադրության և օրենքների կոպիտ խախտմամբ և այդ պատճառով լեգիտիմ չեն»,- ընդգծել է Պետրենկոն:
Արդարադատության նախարարությունում ընդգծել են, որ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման և ինքնավարության կառավարության հրաժարականի որոշումներն առհասարակ ընդունվել են Բարձրագույն խորհրդի գրավված շենքում և ամբողջովին կեղծվել են:










