ԱՄՆ–ն քննարկում է «ՌԴ մեկուսացմանն» ուղղված դիվանագիտական և տնտեսական միջոցառումների փաթեթը. Օբամա

21:55 • 03.03.14

00.45

ԱՄՆ նախաագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված դիվանագիտական և տնտեսական միջոցառումների փաթեթը։ ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել Կոնգրեսին աշխատել իր ադմինիստրացիայի հետ՝ Ուկրաինայի համար տնտեսական աջակցության փաթեթ պատրաստելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է CNN-ը։

 

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջ. Պսակիի խոսքով՝ պատժամիջոցներն իրականանալու «մեծ հավանականություն ունեն»։

 

00.30

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ «Ղրիմում առաջխաղացման դեպքում»։  Այս մասին հաղորդում է Дождь.ru-ն:


Եվրոպացի դիվանագետները, Մոսկվային մեղադրելով Ղրիմի ճգնաժամի սրման մեջ, վերջնագիր են ներկայացրել. եթե Մոսկվան մինչև մարտի 6-ը քայլեր չձեռնարկի «թերակղզում ծավալված իրավիճակի» հանդարտեցման ուղղությամբ, ապա կպատժվի:

 

Ըստ նախարարների՝ առաջին քայլը ՌԴ–ի և ԵՄ–ի միջև վիզաների դյուրացման շուրջ բանակցությունների կասեցումն է լինելու։ Ի լրումն, կդադարեցվեն բանակցությունները  համագործակցության և փոխգործակցության մասին նոր բազային համաձայնագրի շուրջ։ 

 

Այս որոշումը կայացվել է Բրյուսելում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակին նվիրված արտակարգ հանդիպման ժամանակ:

 

23.50

Կերչի նեղուցով զինված մարդկանցով բեռնատար մեքենաներ և ավտոբուսներ են մուտք գործել Ուկրաինա՝ անտեսելով սահմանային հսկողությունը: Այս մասին հաղորդում է Украинская правда-ն՝ Պետական սահմանային ծառայությանը հղումով:


Ուկրաինայի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանն ապօրինաբար ավելի քան 5000 զինծառայողներ է բերել Ուկրաինա:


Корреспондент-ի փոխանցմամբ՝ Ղրիմում ռուս զինվորականներն արդեն արգելափակել են Ղրիմի Ինքնավարությանը և Ուկրաինայի զինուժին պատկանող զորամասերի մեծ մասը: Միաժամանակ ռուսական կողմը հաղորդում է, որ մտադիր չէ ուժ կիրառել ուկրաինացի զինծառայողների նկատմամբ:


Աղբյուրը գրում է, որ Ուկրաինա ԱԳ նախարարությունից մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը չի սահմանափակվի Ղրիմով և մտադիր է շարունակել իր ներխուժումը Ուկրաինայի այլ տարածքներ:

 

22.02

ՌԴ Սևծովյան նավատորմի ներկայացուցիչը Интерфакс-АВН-ին տված հարցազրույցում հերքել է ավելի վաղ հայտնված տեղեկությունն այն մասին, որ ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել Ղրիմում ուկրաինացի զինծառայողներին:


Ինչպես հաղորդվում է, ավելի ուշ ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կոչ է արել Ռուսաստանին իր զորքերին հետ ուղարկել ռազմական բազա և բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ:

 

21.58

ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախագահական վարչակազմից ոչ ոք չի մասնակցի Սոչիի Պարաօլիմպիական խաղերին: Ինչպես գրում է BBC-ն այս հայտարարությամբ հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Քեյթլին Հեյդենը՝ պայմանավորված ռուսական զորքերի՝ Ուկրաինայի տարածք ներխուժմամբ:


Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուս զինվորականներն ամրապնդել են իրենց դիրքերը «Բեկլբեկի» օդանավակայանի մոտակայքում և զինված են հրացաններով, նռնակներով, դիպուկահարի զենքով:

 

21.55

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն վերջնագիր է ներկայացրել Ղրիմի ուկրաինացի զինվորականներին մինչ մարտի 4-ի առավոտյան 05:00-ը Ղրիմի իշխանությունների կողմն անցնելու պահանջով։ 


BBC-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է Ղրիմում Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:


«Նրանց մոտ եղել է Ալեքսանդր Վիտկոն, ով վերջնագիր է ներկայացրել: Այսօրվանից մեր երկու նավերը ՌԴ Սևծովյան նավատորմի նավերի կողմից շրջափակված են Սևաստոպոլի ծոցում», - հայտնել է Սելեզնյովը: Ըստ նրա՝ ռուսական կողմը պահանջում է «կամ անցնել Ղրիմի իշխանությունների կողմը, կամ զենքը վայր դնել, կամ հեռանալ»: Հակառակ դեպքում զինվորականները խոստանում են գրոհ կազմակերպել:


Նա նաև ընդգծել է, որ ուկրաինացի զինվորալկանները հավատարիմ են մնում իրենց երդմանը: