Լիբիայում ցուցարարներն այրել են խորհրդարանի խոսնակի բազկաթոռը

14:09 • 03.03.14

Լիբիայում ցուցարարները կիրակի՝ մարտի 2-ին, գրավել են խորհրդարանի՝ Համընդհանուր ազգային կոնգրեսի շենքը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:

 

Խորհրդարանի երկու անդամներ վիրավորվել են հրազենից: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ նրանք փորձել են հեռանալ խորհրդարանի շենքից: Հիմնականում ցուցարարները զինված են եղել դանակներով և փայտերով:

 

Ցուցարարներն այրել են խորհրդարանի մոտ կայանված մեքենաները, որոնք պատկանում էին կոնգրեսի անդամներին: Բացի այդ, նրանք շենքից հանել և վառել են բազկաթոռը, որն, իրենց խոսքերով, պատկանում էր խորհրդարանի խոսնակին:

 

Գրոհի պատճառը կոնգրեսի շենքի մոտ նստացույցի մասնակցող մի քանի ակտիվիստների ձերբակալությունն էր: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել: