Եթե Յանուկովիչը մեղավոր է, իմպիչմենթի գործընթաց սկսեք և դատեք նրան. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Վիկտոր Յանուկովիչը մեղավոր է Ուկրաինայի առաջ, ապա կարելի է նրա նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսել և դատել նրան: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով Ուկրաինայի թեմային:
«Ինձ շատ են գրում Facebook-ում մեր ամենամոտ հարևանի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Շատ տարբեր բաներ են գրում, ինքներդ կարող եք գնահատել: Իմ դիրքորոշումը հետևյալն է. Ռուսաստանը պատրաստ է զարգացնել բազմակողմանի հարաբերությունները եղբայրական Ուկրաինայի հետ: Սակայն Ուկրաինան մեզ համար մարդկանց մի խումբ չէ, որն արյուն թափելով մայդանում՝ գրավել է իշխանությունը՝ խախտելով Սահմանադրությունը և իր պետության այլ օրենքներ»,- գրել է նա: Մեդվեդևի խոսքով՝ Ուկրաինան մի ամբողջ երկիր է, տարբեր մարդիկ, ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ, հրեաներ և այլ ազգեր, որոնք ապրում են հաշտ ու համերաշխ:
«Այո, նախագահ Յանուկովիչի հեղինակությունը փաստացիորեն ոչինչ է, սակայն դա չի փոխում փաստը, որ Ուկրաինայի Սահմանադրությամբ նա պետության լեգիտիմ ղեկավարն է: Եթե նա մեղավոր է Ուկրաինայի առաջ՝ իմպիչմենթի գործընթաց սկսեք ուկրաինական Սահմանադրությանը համաձայն (հոդված 111) և դատեք նրան»,- գրել է Մեդվեդևը: Նրա խոսքով՝ մնացածն անօրինություն է և իշխանության գրավում, ինչը նշանակում է, որ այդ կարգը խիստ անկայուն կլինի, կավարտվի նոր հեղաշրջմամբ և նոր արյամբ:
«Ռուսաստանին հարկավոր է ուժեղ և կայուն Ուկրաինա: Կանխատեսելի և տնտեսապես հարուստ գործընկեր: Այլ ոչ աղքատ բարեկամ, որը միշտ կանգնած է առաջ պարզած ձեռքով: Այդ ամենի մասին երեկ ասվել է նոր ուկրաինացի ղեկավարներին»,- եզրափակել է Մեդվեդևը:










