Այսօր իր անդրանիկ նիստն է գումարել «գազային» հանձնաժողովը. նախագահ ու տեղակալ են ընտրել
Այսօր Ազգային ժողովում իր անդրանիկ նիստն է գումարել կոալիցիայի առաջարկների հիման վրա կազմավորված «գազային« հանձնաժողովը, որի օրակարգում եղել են կազմակերպական հարցեր:Այս մասին Tert.am-ին հայտնեց հանձնաժողովի Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը, ով սակայն հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։
Ինչպես Tert.am-ին հայտնեց հանձնաժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ ընտրվել են հանձնաժողովի նախագահ ու տեղակալ: «Միաձայն որոշվել է, որ նախագահը պարոն Դավիթ Հարությունյանն է, տեղակալը՝ ես»,- հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ գազային հարցերի ուսումնասիրության խնդիրը արդիական դարձավ հատկապես դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրերից հետո, երբ բազմաթիվ հարցեր ծագեցին, իսկ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ՝ «Հանձնաժողովի ուսումնասիրման առարկա կդառնա բնական գազի ջերմատվությանը, «ՀայՌուսգազարդ» ընկերության օտարված բաժնեմասի գնահատման գործընթացը, բնական գազի այլընտրանքային ներկրմանը, հաշվիչների ստուգման գործընթացին, կորուստների հիմնավորվածությանը, սպառողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Ինչպես նաև այն, թե ինչու է գազամատակարար ընկերությունը սահմանի վրայից գազի սակագնից մոտ երկու անգամ բարձր գնով է գազ մատակարարում սպառողին»:
Միքայել Մելքումյանը նկատեց, որ բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ եղել են հանձնաժողովում, այդ թվում նաև «Հայ ազգային կոնգրեսից»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն հանձնաժողովում 4 անդամ ունի. Դավիթ Հարությունյան, Գագիկ Մինասյան, Վարդան Այվազյան և Խոսրով Հարությունյան:










