ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել «Պրավիյ սեկտորի» առաջնորդի դեմ՝ ահաբեկչական կոչերի համար
Ռուս քննիչները գործ են հարուցել Ուկրաինայի «Պրավիյ սեկտոր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի դեմ՝ մեղադրելով նրան ահաբեկչական կոչեր անելու համար։ Այս մասին հայտնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին։
Հաղորդվում է, որ ավելի վաղ Յարոշը համացանցի միջոցով դիմել էր չեչեն ահաբեկիչների առաջնորդ Դոկու Ումարովին՝ խնդրելով նրան աջակցել «Պրավիյ սեկտորին»։
Քննչական կոմիտեի կարծիքով՝ իր ելույթներում Յարոշը հրապարակայնորեն կոչ է անում հակառուսական ուժերին դիմել ծայրահեղ քայլերի ու ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի տարածքում։
Մարկինը մանրամասնել է, որ կոմիտեն դատարանին կխնդրի հեռակա կարգով ձերբակալել Յարոշին, իսկ հետո էլ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի։










