ԱՄՆ-ն երկիր չի թողել «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչներին

12:57 • 03.03.14

«Ռոսսելխոզնադզոր»-ի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության ներկայացուցիչներին արգելել են մուտք գործել ԱՄՆ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի միանալու կոնտեքստում մի շարք հարցեր համաձայնեցնելու շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով, գրում է ria.ru-ն:

 

Ռուս մասնագետների մասնակցությամբ բանակցությունների հերթական փուլը պետք է կայանար Վաշինգտոնում մարտի 3-ից 6-ը:


«Թռիչքից մեկ օր առաջ ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներն էլեկտրոնային փոստով և հեռախոսով տեղեկացրել են ռուսական բանակցային խմբի ղեկավար Նիկոլայ Վլասովին, որ ռուս մասնագետների այցն ԱՄՆ-ի համար անթույլատրելի է»,- նշել են գերատեսչությունից: Միևնույն ժամանակ ղազախական բանակցային խումբը մեկնել է Վաշինգտոն:

 

Ինչպես «Պրայմ» գործակալությանը հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն, ԱՄՆ պետդեպարտամենտը չի բացատրել, թե ինչու է արգելվել ռուս մասնագետների մուտքն ԱՄՆ: Նրա խոսքով՝ դա հավանաբար կապված է Ուկրաինայում իրավիճակի հետ: