Կասկածյալը խնդրել է իրեն զուգարան տանել, փախել է, ինքն իր վրա զենք է պահել, բերանում՝ սրիչ (տեսանյութ)
Բենզալցակայանի վրա ավազակային հարձակում, ինչպես նաև խանութի ու բնակարանի գողության մեջ կասկածվողը Ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկած ոստիկաններին խնդրել է ուղեկցել զուգարան՝ բնական կարիքները հոգալու, ապա փախել այնտեղից, իսկ մեկ այլ վայրում հայտնաբերվելուց հետո՝ սպառնացել դանակով ինքնավնասել իրեն: Դանակը նետելուց հետո էլ նա ինչ-որ բան է ծամել, ինչը նրան բաժին տանող ոստիկանին կասկածելի է թվացել: Ձեռնարկված հոգեբանական-բացատրական աշխատանքներից հետո կասկածյալը ՝ Ղուկաս Անդրեասյանը բերանից հանել է սրիչը:
Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:
Հունվարի 25–ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան 180 հասցեում ավազակային հարձակում է կատարվել:
«Եղել եմ ստեղ պառկած, լուսամուտը թակել են, ասավ ՝«բենզին եմ ուզում», վեր կացա, բենզինի շիշը ձեռքին էր։ Ապարատները միացրել եմ, դուռը բացեցի, որ դուրս գամ, ինձ հրեց ներս: Երկու հոգի էլ ընտեղից են եկել, դանակ ա եղել ու զենք են պահել, հիմի իսկական թե խաղալիք... ասել են՝ փողերը հանի, արագացրու, շուտ արա, սպառնալիքով: Հանել եմ տվել եմ, ասի՝ էս բանալին, էս էլ սեյֆը»,-ոստիկաններին պատմել է բենզալցակայանի պահակը:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ գողությունը կարող է կատարած լինել Ստեփանավանի բնակիչ Ղուկաս Անդրեասյանը: Վերջինս հայտնաբերվել է փետրվարի 17-ին։ Ստեփանավանի բաժնում մինչև կլուծվեր նրա իրավական կարգավիճակի հարցը, խնդրում է իրեն տեղափոխել զուգարան՝ բնական կարիքները հոգալու: Զուգարանից կասկածյալը փախել է, սակայն հայտնաբերվել Ստեփանավանի տներից մեկում՝ 15 ժամ անց:
Երբ ոստիկանը ներս է մտել, Ղուկաս Անդրեասյանը կրծքավանդակի շրջանում պահել է դանակը և սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում կվնասի իրեն:
Որոշ բացատրական աշխատանքներից հետո համաձայնել է գցել ձեռքի դանակը, սակայն նրան ուղեկցող ոստիկանը նկատել է, որ նա ինչ–որ բան է «ծամում»: Կրկին հոգեբանական աշխատանքից հետո Ղուկասյանը բերանից հանել է սրիչը, որից հետո ձերբակալվել, իսկ ոստիկանը տարվել է հիվանդանոց:
Նախաքննությունը պարզել է նրա երկու հանցակիցներին՝ Ստեփանավանի բնակիչներ Լևոն Չոբանյանին և Սասուն Դուվենջյանին:










