Մենք ավելի քան 5 մլրդ դոլար ենք ներդրել Ուկրաինայի ապագայի համար. Նուլանդ (տեսանյութ)
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի օգնական Վիկտորյա Նուլանդն Ուկրաինայում սկսված ճգնաժամի ընթացքում 2 անգամ եղել է Կիևում, որպեսզի իր երկրի անունից զրուցի իշխանությունների և ընդդիմության հետ, գրում է «Комсомольская правда»-ն։
Իր ելույթներից մեկի ընթացքում Նուլանդը նշել է մոտավոր արժեքը, որն ԱՄՆ-ն ծախսել է Ուկրաինայի «ժողովրդավարական ապագան» ապահովելու համար։ Նրա ելույթի տեսաձայնագրությունը համացանցում է հայտնվել մի քանի շաբաթ առաջ։
Ձայնագրությունում մասնավորապես ասվում է. «Մենք ավելի քան 5 մլրդ դոլար ենք ներդրել, որպեսզի օգնենք ուկրաինացիներին հասնել իրենց նպատակներին։ Այսօր Ուկրաինայի կառավարությունում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև բիզնեսում և ընդդիմությունում, որոնք հավատում են իրենց երկրի եվրոպական ժողովրդավարական ապագային, և վաղուց աշխատում են իրենց երկիրը և իրենց նախագահին ճիշտ ուղով տանելու ուղղությամբ»,- նշել է Նուլանդը։










