Պարո՛ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ արտագաղթող է. Արմեն Մարտիրոսյան
Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի ներկայացմանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իր խոսքն ուղղելով վարչապետին, ասաց, որ Հայաստանը ոչ թե ծերացող երկիր է, այլ՝ արտագաղթող, իսկ ծերացողը դրա հետևանքն է։
Նշենք, որ զեկույցի ժամանակ կուսակցության փոխնախագահը ելույթի խոսք ասելու ցանկություն հայտնեց, որը նրան չմերժվեց։ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ զեկույցը արմատական փոփոխությունների պահանջ է, մինչդեռ ըստ նրա, վարչապետը դեռ 2008թ-ից է խոստանում նման փոփոխություն, ինչը, սակայն, դեռ չկա։
«Հիմա վարչապետը 2008թ-ի ամանորյա ուղերձի ժամանակ այս մասին խոսում էր, լավ հիշում եմ պարոն վարչապետ, բայց մինչև հիմա չենք կարողանում այդ քայլերն անել ու չենք էլ կարող ... Պարո՛ն վարչապետ մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող»,- ասաց նա և նշեց, որ խնդիրը կառավարման մեջ է։
Արմեն Մարտիրոսյանը նկատեց, թե այն լուծումները, որ տեղի են ունենում, անհամաձայնության մեծ դաշտ են ստեղծում, ապա ավելացրեց, որ ինքը, ցավոք, 3 անգամ այդ մասին առիթ ունեցել է ասել, ու միշտ ճիշտ դուրս եկել։ «Ես ասում եմ, որ ավելի լավ է ես սխալվեմ, քան վարչապետը, ցավոք, ես երեք անգամ ճիշտ եմ դուրս եկել»,-ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ զեկույցում կրթական խնդիր է դրվում, բայց այսօր կուսակցություններն այնպես են մտել կրթական համակարգ, որ դա էլ է խաթարվել:
«Ինչպե՞ս կարող ենք որակյալ կրթություն ունենալ, երբ ուսուցիչը կատարում է շատ ֆունկցիաներ, որոնք չպետք է անի, ինչը խանգարում է»,- ասաց նա։
Մի հարցում Արմեն Մարտիրոսյանի և Տիգրան Սարգսյանի տեսակետները նույնն էին. «Դա մրցակցային դաշտին է վերաբերում»,-ասաց նա և եզրափակեց. «Զեկույցը, ես կասեի, հեղափոխական է, որովհետև արմատական փոփոխությունների մասին է»,-նշեց նա։










